Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դաշնակցական մարզպետը՝ ՀՅԴ ցուցակով առաջադրվածին պոլիկլինիկայի տնօրեն նշանակելու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 18:02

Օրերս Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ` Գյումրի Անի թաղամասի «Կարմիր խաչի անվան» պոլիկլինիկայի տնօրեն է նշանակվել մասնագիտությամբ ատամնաբույժ, այս նույն թաղամասում իր սեփական ատամնաբուժարանն ունեցող Հովհաննես Վարձելյանը։

Այս նշանակումը գուցե և չգրավեր մեր ուշադրությունը, չդառնար Գյումրիում լայն քննարկման թեմա, եթե տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը չունենար 3 հաղթող թեկնածուներ, (նրանցից մեկը պոլիկլինիկայի 8 տարվա փոխտնօրեն, վերջին 6 ամսում տնօրենի ժ/պ Լիլիթ Սարգսյանն էր, մյուսը՝ Ռուզաննա Ալեքսանյանը) և եթե Հովհաննես Վարձելյանը ՏԻՄ ընտրություններում առաջադրված չլիներ ՀՅԴ ցուցակով։

Aravot.am-ը Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ նման նշանակում կատարելով մի՞թե նախապատվությունը չի տվել իր կուսակցության համակրին (Հովհաննես Վարձելյանը թեև առաջադրվել է ՀՅԴ ցուցակով, սակայն դաշնակցական չէ) և արդյոք իր նշանակումը չի հակասում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ընտանիքի անդամներով նույն կառույցում չաշխատելու հրահանգին։

Նշենք, որ Վարձելյանների ընտանիքը՝ հայրը, մայրը, քույրը աշխատում են այդ նույն պոլիկլինիկայում, մայրը սրտաբան է, հայրը՝ քիթ-կոկորդի բժիշկ, քույրը ընտանեկան բժշկուհի է։ Նշենք նաև, որ օրենքը լիարժեք ազատ է թողել մարզպետին նշանակումը կատարել իր հայեցողությամբ, չկան սահմանված պահանջներ։

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նախ նշեց, որ մրցույթը թափանցիկ է եղել, սկզբից մինչև վերջ նկարահանվել է ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից, այն առանձնահատուկ է եղել նաև մասնակիցների մեծ թվով՝ 9-ը դիմել են, 7-ը մասնակցել։ Նա իր նշանակումը բացատրեց այսպես․«Կան գործառույթներ, գործողություններ, որոնք օրենսդրությունն ամբողջական չի կանոնակարգում, բայց այնքան ուրախ եմ, որ առողջապահական կազմակերպությունների տնօրենների մրցույթը, կարող եմ ասել 95-97 տոկոս կանոնակարգված է։ Այն անձից կախված չէ, սահմանված են նորմեր՝ ովքեր կարող են առաջադրվել, ովքեր կարող են մասնակցել, ինչ պարագայում են առաջին, երկրորդ, երրորդ փուլերը համարվում հաղթող և ընդհանրապես մրցույթի արդյունքներով ովքեր կարող են հաղթող ճանաչվել։Այստեղ պաշտոնի նշանակող անձին մնացել է մի փոքրիկ բան, մի փոքրիկ տեղ, որտեղ ասվում է՝ հաղթել են 4-ը, 4-ին էլ իրավունք ունեք նշանակելու»։

Այդ դեպքում ինչո՞ւ ընտրեցիք ՀՅԴ ցուցակով ավագանու անդամ առաջադրված անձին, Շիրակի մարզպետն ասաց՝ վստահ է, որ ճիշտ նշանակում է կատարել։ Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ ինքը ՀՅԴ-ն որպես կուսակցություն չի դիտարկում, ՀՅԴ-ն հայի էությունն է, և իրենք իրենց ցուցակում անկուսակցականների էին նաև ներգրավել՝ համարելով, որ մարդիկ ունեն ճանաչում ու ներդրում Գյումրիում։ Ըստ մարզպետի, եթե մեկին փոքր-ինչ ավելի է ճանաչում, քան մյուսին, ապա նախապատվությունը, բնականաբար տալու էր իր ճանաչածին, քանի որ կա նաև պատասխանատվության հարց։ Բացի այդ, մարզպետի բնութագրմամբ՝ Հովհաննես Վարձելյանը չափված-ձևված մարդ է։

«Ինչ մնում է ձեր այն հարցին, թե ընտանիքի անդամներով աշխատում են այդ նույն պոլիկլինիկայում, չպիտի մոռանանք ու բոլորիս համար էլ կարևոր է, երբ որ ընտանիքներում կան ավանդույթներ, երբ որ ուսուցիչների ընտանիքը սերնդեսերունդ այդ ավանդույթը փոխանցում է, դրանով հպարտանում ենք, կամ այսինչ արհեստավորը իր մասնագիտությունը փոխանցում է իր տղային, նա էլ իր տղային և այսպես շարունակ․․․ Գտնում եմ, որ ուսուցիչների տանը դաստիարակված ուսուցիչն ավելի ճիշտ է, բժշկի տանը բժիշկ ունենալն ավելի ճիշտ է, քան թե հանցագործի տանը հանցագործ ունենալը։ Մի բան էլ ասեմ՝ կազմակերպության կառավարման հետ կապված ընտանեկան որևէ հարաբերություն այդտեղ չի կարող լինել։ Նրանից որևէ մեկը կառավարման համակարգի հետ առնչություն չունի։ Ընդամենը բժիշկներ են, մասնագետներ են, որոնք իրենց գործը կատարում են»։

Մեր հիշեցմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանն էր հանձնարարել պետական կառույցներում վերջ դնել բարեկամա-ազգակցական կապերին, Հովսեփ Սիմոնյանն ասաց․ «Վարչապետի հանձնարարականը վերաբերում է այն դեպքերին, երբ որ կառավարման համակարգում ընտանիքի անդամները կունենան ազդեցություններ՝ տնօրեն, փոխտնօրեն, գլխավոր հաշվապահ, չգիտեմ տնտեսվար, տնտեսագետ․․․Ես երբեք թույլ չեմ տա և թույլ էլ չեմ տալու նման բան»։

Մարզպետի հետ ամբողջական հարցազրույցը՝տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930