Այսօր Air France-ը նշեց Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի տասներորդ հոբելյանական տարեդարձը:
Ավելի քան տասը տարի Հայաստանի երկնքում թռիչքներ իրականացնող Air France ավիաընկերությունն իր նշանակալի ներդրումն ունի Հայաստանի տնտեսական զարգացման գործում: Այս մասին փաստում են Հայաստանի կառավարության անդամներն ու գործարարները: Այսօր ֆրանսիական խոշորագույն այս ավիաընկերությունը նշում է Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի տասներորդ հոբելյանական տարեդարձը: Air France–ի առաջին չվերթը տեղի է ունեցել 2006 թվականին` լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի մասնակցությամբ: Պատվիրակության կազմում Երեւան ժամանած Air France ավիաընկերության ղեկավարությանն ընդունել է ՀՀ Նախագահը:
Այս տասը տարիների ընթացքում Փարիզ-Երեւան չվերթից օգտվել է 500 հազարից ավելի ուղեւոր: Այսօր Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Air France KLM-ի տարածարջանային մենեջեր Ֆրանկ Վան՛տ Հոֆը: Նրա խոսքով, ավիաընկերությունը մեծ ներդրումներ է կատարում եւ պարբերաբար թարմացնում է շարժակազմը, նոր ինքնաթիռներ է գնում, եղածը նորացնում, ինքնաթիռների նստատեղերը փոխում, սնունդը բարելավում:
Կարդացեք նաև
Հայաստանում Air France-ի պաշտոնական ներկայացուցիչը Executive Travel գործակալությունն է: Ներկայացուցչության նախագահ-համասեփականատեր Լեւոն Բաղդասարյանը, որը նույնպես մասնակցում էր դեսպանատանը հրավիրված միջոցառմանը, նշեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ թռիչքներն անկանոն դարձան, դեպի Հայաստան չվերթի անհրաժեշտություն առաջացավ, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի չարտերային չվերթներ բացվեն, ապա, ժամանակի ընթացքում, երբ ուղեւորահոսքը մեծացավ, իրենց ընկերությունը միջազգային ավիաընկերությանը Հայաստան գալու առաջարկություն արեց: Լեւոն Բաղդասարյանի խոսքով, տարեցտարի չվերթների հաճախականությունն ավելացավ, ուղեւորահոսքը մեծացավ: Այժմ` ամռան սեզոնին ավիաընկերությունը Երեւանից դեպի Փարիզ եւ հակառակ ուղղությամբ շաբաթական 4 չվերթ է կատարում, ձմռանը` 2:
Air France–ի ծառայություններից հաճախ է օգտվում նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, բայց, ոչ այն պատճառով, որ ազգային շահն է նրան դրդում, այլ, դեսպանի խոսքով, «այս ավիաընկերությունը հարմարավետ է եւ լավ է սպասարկում»:
Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վկայեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայ-ֆրանսիական տնտեսական հարցերը` բիզնես դաշտում կարեւորելով ազատ, հավասար ու մրցակցային պայմանները:
Լեւոն Բաղդասարյանի կարծիքով, Երեւանի եւ Փարիզի միջեւ կանոնավոր իրականացվող ուղիղ չվերթը լրացուցիչ պայմաններ է ստեղծում գործարար շփումների ակտիվացման եւ զբոսաշրջության զարգացման համար: Նա գտնում է, որ գյուղական, էկո եւ մշակութային տուրիզմով Հայաստանը կարող է զբոսաշրջիկներ գրավել:
Ինչ վերաբերում է ավիատոմսերի սակագնային քաղաքականությանը, որը Air France-ը ժամանակ առ ժամանակ վերանայում է, պարոն Բաղդասարյանն ասաց, որ արդեն մեկ ամսից ավելի է Երեւանից Փարիզ մեկնողների համար ավիատոմսի արժեքը 25 տոկոսով նվազել է:
Ի դեպ, Air France ավիաընկերության Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի տասներորդ տարեդարձը կնշվի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը` ֆրանսիական Բոժոլե Նուվո գինու տոնակատարությամբ:
Համաշխարհային ճանաչում ունեցող այս տոնն առաջին անգամ Հայաստանում նշվել է 2010 թվականին, այնուհետեւ 2013-ին` նպատակ ունենալով նոր շունչ հաղորդել ֆրանս-հայկական դարավոր բարեկամական հարաբերություններին:
Միջոցառման կազմակերպիչների տեղեկացմամբ, այս տարի գինու տոնակատարությունը հնարավոր դարձավ իրականացնել Air France ավիաընկերության աջակցության շնորհիվ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ