«Որոշակի փոփոխություններ մինչեւ վերջնական քվեարկություն, իհարկե, լինելու են»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր խոսելով բանակի համար 1000-ական դրամ գանձելու օրինագծի մասին, ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Առաջարկվել է մոդել, որը առավելագույնս զերծ կլինի ռիսկերից: Հիմքում դրվել է հետաքրքիր լուծում՝ դա համատեղ կամ ավելի շատ հասարակական ծանրության կենտրոնով առաջնորդվող կառավարումն է: Հիմնադրամը կառավարողներից երեքը պետք է լինեն հասարակական ներկայացուցիչներ, երկուսը՝ ընդդիմության, երեք հոգի էլ ԿԲ-ից՝ որպես մասնագետներ: Այսինքն, առնվազն հինգ հոգի պետք է, որ հասարակության համար առավել վստահելի մարդիկ լինեն: Եկեք միասին կառավարենք հիմնադրամը՝ սա է մեր առաջարկը: Բերեք հասարակության կողմից երեք վստահված անձ: Ժակլին Կարաասլանյան, Սերժ Թանկյան, Շառլ Ազնավուր…այս անուններն են քննարկվում»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ի դեպ, «Լույս» հիմնադրամի ղեկավար Ժակլին Կարաասլանյանին հիշատակեց քննարկման մեկ այլ բանախոս՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ ասելով, որ Կարաասլանյանն օրինավոր մարդ է:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ «Մարտիկ» հիմնադրամը նմանություն չունի օրինագծի մոդելի հետ, քանի որ «Մարտիկը» մասնավոր է, օրինագծով ստեղծվելիք հիմնադրամը՝ պետական. «Միակ նմանությունն այն է, որ անվտանգության հարցի հետ որոշակի նմանություն կա: Քննադատելուց միայն «Մարտիկի» օրինակը բերելը ճիշտ չէ»:
Կարդացեք նաև
Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ եթե բարձրացվում է Պաշտպանության նախարարությանը չվստահելու հարցը, ապա պետք է հաշվի առնել, որ ՊՆ-ն հիմնադրամի կառավարման գործում առնչություն չի ունենալու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ