Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ դուք բացահայտե՞լ եք մարտի 1-ի սպանդն իրականացնողներին». Արեգ Կյուրեղյանը` դատարանում

Նոյեմբեր 17,2016 17:18

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` երկարացնել «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանի և Սեդրակ Նազարյանի կալանքի ժամկետը:

Aravot.am-ի հետ զրույցում Սեդրակ Նազարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ որևէ ակնկալիք չունեն, որ դատարաններն այս գործերով օրինական դատական ակտ կկայացնեն, ու հենց այդ տրամաբանությունից ելնելով` ինքն ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել դատավորին: Սեդրակ Նազարյանը հրաժարվում է մասնակցել դատական նիստերին, քանի որ վստահ է, որ այս գործի քննությունը ձևական բնույթ է կրում:

Sedrak-NazaryanԼուսինե Սահակյանից հետաքրքրվեցինք` այժմ ինչպե՞ս է Սեդրակ Նազարյանի առողջական վիճակը, քանի որ նա հուլիսի 31-ին ՊՊԾ գնդից հրազենային վիրավորմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ ենթարկվել էր վիրահատության: Տիկին Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ  այժմ Սեդրակ Նազարյանը, գտնվելով հետվիրահատական փուլում, չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն, և այս ամիսները լուրջ հետևանքներ են թողնելու նրա առողջական վիճակի վրա. «Նա լուրջ վերականգնման անհրաժեշտություն ուներ, բայց այդ պայմաններում նույնիսկ դատապարտյալների հիվանդանոցում նա չպահվեց, այնինչ ոչ թե պիտի քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում գտնվեր, այլ նորմալ մասնագիտացված բժշկական հաստատությունում: Մինչդեռ նա տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ. «Անգամ, եթե կարողանանք ապահովել բժիշկների պարբերական այցելություն Սեդրակ Նազարյանին, ապա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել»:

Հիշեցնենք, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` պատանդ վերցնելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց երկու ամսով:

Դատարանի դահլիճում Արեգ Կյուրեղյանը հարցադրում արեց քննիչին` «Դուք պարզե՞լ եք մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին ու իրականացնողներին»: Սակայն պատասխան չհնչեց. դատարանը հայտարարեց, որ դա գործին չի առնչվում:

Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե անվիճարկելի փաստ է այն, որ դատարաններն այս ու նմանատիպ այլ գործերով, ինչպես անցյալում է եղել, որպես արդարադատություն իրականացնող մարմին հանդես չեն գալիս:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին նոյեմբերի 11-ին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար:  Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է նաև ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուրեմն այսպէս, «մարտի 1»-ը օրինակա՛ն ի զօրու պաշտպանություն մըն է, որեվէ հանցագործության պարագային

    նկատի ունենալով որ տեղի է ունեցել «Մարտ 1»-ը, այնուհետեվ, Հայաստանում, կարելի է ամէն բան անել, մինբեւ իսկ մարդ սպաննել, առանց որեվէ օրինական հետեւանքի…

    շատ տրամաբանական է, պրավո

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930