Լրահոս
Օրվա լրահոսը

Մի երգ

Նոյեմբեր 17,2016 16:36

Այսօր նա կռվել էր իրենց փողոցի խանութպան Ներսեսի հետ: Տարիներ շարունակ բարի էին նրանց հարաբերությունները. ջերմ կատակներ, առանց խնդրի նիսյա ապրանք վերցնել և այլն: Ներսեսը հարգում էր երիտասարդ Արամի ընտանիքի բոլոր անդամներին, և այդ ամենը փոխադարձաբար էր:

Արամը օրեր շարունակ թարս ոտքից էր անկողնուց վեր կենում: Իր իմացած ակորդների վրա չէր կարողանում ոչ մի կերպ տողեր շարել: Հինգերորդ տարին դրանով էր զբաղվում: Մի քանի երգ շատ էին սիրվել, որոնք նկարագրում էին գավառական քաղաքի կյանքը, տեղական իշխանիկների վայրագություններն ու ագահությունը:

Գավառում Արամն արդեն գրեթե «դիսիդենտի» կարգավիճակ էր ձեռք բերել: Որոշ մարդիկ նույնիսկ դադարեցին բարևել, բարեկամներից ոմանք փորձում էին նախատել, բայց ապարդյուն, հետները գժտվել ու չեր երևում նրանց տներում, նրանց զրույցներից զազրում ու փշաքաղվում էր:

Ներսեսը հենց այն մարդկանցից էր, որի վեջը չէր՝ բարեկամությունը մնում է բարեկամություն: Չէ՞ որ նա վաղուց էր ճանաչում Արամին ու նրա ընտանիքի բոլոր անդամներին:

Այդ օրերին ոչ մի կերպ երգ ստեղծել չեր ստացվում, ինչ-որ ապուշ հանգեր ու պրիմիտիվ փոխաբերություններ:

Իսկ Ներսեսն այդպիսի սովորություն ուներ, ժամանակ առ ժամանակ նույն կատակն էր կրկնում: Ինչին Արամի ձևականորեն ժպտում, հաջողություն էր մաղթում ու հեռանում: Այդ փշոտ օրերն էին, մի կողմից երգերը, որոնք ոչ կերպ երկնել չէր ստացվում, մյուս կողմից իրեն շրջապատած բութ դեմքերով մարդիկ էին: Նոր երգ ստեղծելու պայքարը ապարդյուն էր, կարծես ինչ-որ մեկը ականջին շշնջում էր. «քեզնից ի՞նչ բարդ, ախր մի քանի հաջողված երգը դեռ ոչինչ չի նշանակում, զբաղվիր ուրիշ գործով»:

Այդ օրերին Արամի մեջ երկու մարդու պայքար էր ապրում՝ հանձնվածի ու դեռ դիմադրողի:

Ներսեսը այդ օրը չէր նկատել Արամի տրամադրությունը, կամ միգուցե և նկատել ու փորձել էր իբր թարմացնել: Ի պատասխան Ներսեսի հերթական կատակի, Արամը վերցրեց վաճառասեղանից իր տուփ ծխախոտը ու ասաց՝ «ձանձրացրիր անհամ կատակներովդ», ու հեռացավ:

Տուն հասնելիս մինչ այդ էլ մռայլ տրամադրությունը կրկնակի մռայլվեց: Գիտեր որ ահռելի մեծ ցավ էր պատճառել Ներսեսին, Ներսեսը նրան շատ էր սիրում… Ուզում էր դուրս գալ, խոսել հետը, բայց մռայլ տրամադրությունն, ու դրսի ցեխ ու ձյունն էլ մի կողմից, նորից գամեցին բազմոցին: Հետո մոտեցավ կիթառին, մի քանի ակորդ վերցրեց ու տետրի վրա մի քանի բառ խզմզելուց հետո հասկացավ, որ ուժերը սպառվել են:

Քնել չէր ստացվում օրը ցերեկով: Հիշեց որ խոհանոցում օղի կամ կոնյակ պիտի լինի պահված.. Դեռ դպրոցական տարիքից ծանոթ լինելով խմիչքի համին, գիտեր որ նրանում ոչ մի փրկիչ ուժ չկա… այնուամենայնիվ, դատարկեց կոնյակի մնացորդը, վրան քաշեց վերարկուն ու սողոսկեց դուրս: Այդ օրը դրսում կապած տան սիրելի գամփռը դնչին մի պինդ հարված ստացավ, որի վնգստոցը ցավ պատճառեց պատուհանից եղբորը հետևող փոքր քրոջը, ում համար աշխարհի ամենասիրելի եղբոր արարքը…

Արամը քայլում էր ձյունապատ քաղաքի ամայի ոլորաններով… գլուխը խոթած օձիքի մեջ ընթանում էր՝ մերթ վազելով, մերթ քայլելով:

Մտավ խորտկարան, նույն տիպի էժանագին կոնյակից պատվիրեց` տաքացրած ուղեղը փորձելով այս անգամ սառեցնել:

Անտանելիությունը կայանում էր նաև «ինչո՞ւ» հարցի պատասխանը չգտնելու պատճառով: Ինչո՞ւ և որտեղի՞ց այս ամենը սկսվեց, ինչո՞ւ… Չորս տարի առաջ հոր կորստի՞ պատճառով, մի տարի առաջ գժտված սիրած աղջկա՞ պատճառով, թե՞… Դժվար թե, մի տարի է անցել ու ամեն ինչ սահուն ու թեթև: Դատարկում էր շիշը ու պեղում հոգին, գիտեր, որ ամեն ինչ անպատասխան էր մնալու… Միգուցե թողնել այս ամենը ու ինչպես բոլորը միանալ մեծ քաղաքին, չէ՞ որ արվեստագետները մեծ քաղաք են հեռանում, բայց չէ՞ որ մյուս կողմից ինքն իրեն խոսք էր տվել պայքարել տեղացի կեղեքիչների դեմ, հանուն լուսավորության… «Ի՜նչ վերամբարձ խոսքեր»,- մտածեց Արամը:

Դրան գումարվեց անտանելի ցավը՝ շան ոռնոցը, Ներսեսին հասցված վիրավորանքն ու իր քրոջ հայացքը պատուհանից…

Հանեց գրպաններից կոպեկները, վճարեց ու հեռացավ: Մի՞թե… դա պիտի աներ, գնալ ու ցատկել մի կիլոմետրի վրա գտնվող ժայռից, կյանքից հոգնածների սիրելի վայրը…

Թե՞ տղամարդկություն գտնել ու գալ շան առջև ծնկի իջնել ու ներողություն խնդրել… Իսկ հետո՞, նորից վերադառնալ ժայռը՞…. Հո չի կարելի այս կերպ ավարտել…

Թե՞ այս ամենի մասին մի երգ գրել, թե ինչպես է շան առջև չոքում ու արտասվելով ներողություն խնդրում:

Արամը վեր կացավ ու թեթևակի օրորվելով ուղղություն վերցրեց դեպի Ներսեսի խանութը, գլխում տակավին խառնաշփոթ էր…

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել