Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին կհարցաքննեն

Նոյեմբեր 17,2016 16:10

«Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանը կրկին նոր շահերի պաշտպան է ներգրավել գործում: Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ Հայրապետյանի պաշտպանը՝ Շալիկո Փիրուզյանը, առողջական խնդիրներ ունենալու պատճառով դատարանում հայտարարեց, որ չի իրականացնելու Հայրապետյանի շահերի պաշտպանությունը, այսօրվա դատական նիստում, պարզվեց, շարունակելու է իր աշխատանքը: Բացի Փիրուզյանից, Փայլակ Հայրապետյանի շահերի պաշտպանությունը ստանձնեց եւս մի նոր փաստաբան:

Այսօր դատական նիստը կարճ տեւեց, դատավարական կողմերը միջնորդեցին «Ամերիաբանկի»՝ դատարան ներկայացրած գրության վերաբերյալ դատարանում հարցաքննել բանկի գլխավոր տնօրենին՝ Արտակ Հանեսյանին: Կողմերը միջնորդեցին Արտակ Հանեսյանին ներկայանալ դատարան՝ համապատասխան քաղվածքով, որը պարզաբանում կտա բանկի ներկայացրած գրության վերաբերյալ: Դատարանը բավարարեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց նոյեմբերի 24-ին:

Իսկ բանկի ներկայացրած գրությունը վերաբերում էր գույքի իրացման ու վարկի հանդեպ ունեցած պարտավորությանը:

«Բանկը պետք է պարզաբանի, թե ինչու է նման չափերի գումար գրվել եւ ոչ թե այլ չափի կամ ինչու է գույքը օտարվել, եթե չպետք է օտարվեր»,- ասաց Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը:

Դատական նիստից հետո Aravot.am-ը պարոն Խաչատրյանից հետաքրրքվեց՝ «Ամերիաբանկի» ներկայացրած գրության մեջ ինչ անհասկանալի հարցեր մնաց իր համար ու ինչու անհրաժեշտություն առաջացավ, որ թե պաշտպանական կողմը, թե տուժողի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին միջնորդել, որ դատարան ներկայանա բանկի գլխավոր տնօրենը:

«Գրությունից երեւում է, որ տասներկու դատական գործեր դեռեւս 2011 թվականի փետրվարին մտել են դատարան՝ գույքի վրա բռնագանձումները կասեցնելու հայցերով: Դատարանները դրանք մերժել են, եւ մեզ համար անհասկանալի է՝ այդ ժամանակ, երբ որ բանկը վարկեր էր տրամադրում ու գործարքի համար այլ խոչընդոտ չկար, ինչի համար եւ ով է մտել դատարան: Այս հարցում մեր եւ տուժողի շահերը համընկնում են եւ դրա համար միջնորդեցինք, որ բանկը ներկայացնի տվյալ գործերով վճիռները, թվով տասներկու վճիռ, որոնք տեղի են ունեցել դեռեւս այն ժամանակ, երբ բանկը օրինական կարգով տրամադրում էր վարկեր Աշոտ Սուքիասյանի «Ձորագյուղ» կազմակերպությանը: Բանկի կողմից, մեր կարծիքով, լրացուցիչ գույք է իրացվել, որը կարելի էր վերադարձնել կամ Աշոտ Սուքիասյանի «Ձորագյուղին», կամ Փայլակ Հայրապետյանին: Խոսքը վերաբերում է այն գույքին, որը գրավ է դրվել ու որի դիմաց վարկ է վերցվել»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930