Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցության HDP Եվրոպայի ներկայացուցչության բրյուսելյան կենտրոնում նոյեմբերի 17-ին հանդիպում է կայացել Արեւմտահայոց Ազգային Համագումարի (ԱԱՀ) պատվիրակության, HDP ղեկավարության եւ Եվրոպայի կառույցի ներկայացուցիչների միջև:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Արեւմտահայոց ազգային համագումարի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին:
Արեւմտահայոց Ազգային Համագումարը խստորեն դատապարտել է Թուրքիայի իշխանությունների` HDP կուսակցության ղեկավարների եւ քուրդ բնակչության դեմ կատարած գործողությունները, նաեւ կոչ է ուղղել «Փոքր Ասիա հայրենիքի» բոլոր ժողովուրդներին՝ համախմբվել պատմական իրավունքների շուրջ հանուն արդարության եւ ժողովրդավարության:
Հանդիպմանը ի թիվս այլոց մասնակցել են ԱԱՀ-ի նախագահ Սուրեն Սերյատարեանը, գլխավոր քարտուղար Սեւակ Արծրունին, ԱԱՀ-ի Ազգային Խորհրդի նախագահության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արագած Ախոյանը, Թուրքիայի Խորհրդարանի անդամներ Ֆայսալ Սարըյըլտըզը եւ Քեմալ Աքթաշը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ձերբակալվել էր Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, իսկ ավելի վաղ՝ 16-ին Թունջելիի (Դերսիմ) ու Սիիրթի (Սղերթ) քուրդ քաղաքապետերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ