Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաղաժամկետ զորացրվելու կապակցությամբ Սոֆյա Խասիկյանը դիմել է վարչապետին

Նոյեմբեր 17,2016 15:32

Նոյեմբերյան քաղաքի 51-ամյա բնակչուհի, սանհրահանգիչ (բուժքույր),շարքային Սոֆյա Խասիկյանը նոյեմբերի 11-ին հերթական արձակուրդից վերադարձել է սահմանագոտի ծառայության, պայմանագրային գումարտակ: Այնտեղից զորամաս հեռախոսագիր է ուղարկվել, որ նա արձակուրդից վերադարձել է : Զորամասից գումարտակ հեռախոսագիր է ուղարկվել, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գ. Խաչատուրովի հրամանով նա ազատված է զինծառայությունից, քանի որ 51 տարեկան է:

Ս. Խասիկյանն այդ կապակցությամբ մեզ ասաց. «Ինձ համար դա տհաճ անակնկալ էր, քանի որ պայմանագրով ես պետք է ծառայեմ մինչեւ 2017թ. հուլիսի 25-ը: Մեր գումարտակում կան պայմանագրային զինծառայող կանայք, ովքեր 51, 54 կամ 55 տարեկան են: Նշեմ, որ ֆինանսական վատ վիճակում եմ գտնվում, «Հայբիզնեսբանկից» վարկ եմ վերցրել տունս նորոգելու համար: Այդ վարկը պետք է մարեմ իմ աշխատավարձով: Իմանալով, որ ինձ ազատել են աշխատանքից, այդ օրը գնացի Իջեւան, Տավուշի մարզպետարան, որպեսզի իմ խնդիրը ներկայացնեմ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Սակայն մարզպետարանում ինձ հայտնեցին, որ մարզպետը մեկնել է Դիլիջան, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Դիլիջանում է գտնվում: Ես մեկնեցի Դիլիջան: Դիլիջանի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում տեսնելով վարչապետ Կ. Կարապետյանին, նրան ներկայացրի ինձ հուզող խնդիրը: Նա 5 րոպե ուշադիր լսեց ինձ, վստահեցրեց, որ իմ խնդիրը լուծում կստանա, ես կշարունակեմ զինվորական ծառայությունը: Նա իր օգնականներին հանձնարարեց, որ վերցնեն իմ կոնտակտային տվյալները, որպեսզի հայտնեն խնդիրը լուծված լինելու մասին: Վարչապետն ինձ բառացիորեն ասաց. «Դու անսպառ էներգիա ունես: Ես տեսնում եմ, որ դու կարող ես ծառայել եւ դու կծառայես»:

Սոֆյա Խասիկյանը մեզ դիմեց, որպեսզի համացանցում հրապարակված վարչապետի օգնականների, խորհրդականների հեռախոսահամարներով զանգահարենք, տեսնենք, թե իր հարցն ինչպես լուծվեց:

Զանգահարեցինք նշված հեռախոսահամարներով, Ս. Խասիկյանից վարչապետի խորհրդական Արամ Վարդեւանյանի էլեկտրոնային հասցեով, վարչապետին ուղղված, նշված խնդրով դիմում ուղարկեցինք: Ս.Խասիկյանն ասաց, որ Արամ Վարդեւանյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իրեն եւ հայտնել, որ իր դիմումն ուղարկվել է պաշտպանության նախարարություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930