Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Արտֆեստ-2016» միջազգային երիտասարդական բաց փառատոնի կերպարվեստի մրցանակակիրների աշխատանքների ցուցահանդես՝ գեղանկարներ, քանդակներ, նկարազարդ ափսեներ, իրական չափսերից հազարապատիկ փոքր ստվարաթղթե երաժշտական գործիքներ։
ՀՀ ՄՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալեր Նազարեթյանը ցուցահանդեսին ներկայացրել է ափի մեջ տեղավորվող գործիքների իր ուշագրավ հավաքածուն՝ «Ակորդեոն», «Դուդուկ», «Ռոյալ», «Սինթեզատոր», «Կիթառ», «Հարվածային գործիքներ»։
Համառ ու մանրակրկիտ աշխատանքով ստեղծված ստվարաթղթե երաժշտական գործիքները թեև չափսերով բազմապատիկ փոքր են, սակայն ունեն ճշգրիտ ձայնային հնարավորություններ։
Այդ ցուցահանդեսին Վալեր Նազարեթյանն առաջին անգամ ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ «Մորս հուշերը»։ «Փորձել եմ վերարտադրել մորս մանկության հետ կապված հուշերից մեկը։ Նա պատմում էր, թե ինչպես է մանուկ ժամանակ բարձրացել աթոռին ու թաթերի վրա ձգվել, որպեսզի տեսնի, թե ինչպես է աշխատում այն ձայնարկիչը, որով հայրը հաճախ լսում էր Լուսիկ Քոշյանին։ Հենց այդ տեսարանն եմ պատկերել ստվարաթղթե քանդակի միջոցով»,- այսպես է իր նոր աշխատանքը ներկայացնում Վալեր Նազարեթյանը։ Պատմում է ու իր յուրօրինակ աշխատանքների շուրջ հավաքված հետաքրքրասերներին համբերատար բացատրում դրանց պատրաստման ու կիրառման եղանակը։
Գյումրեցի արհեստավորների սերնդին հարող Վալեր Նազարեթյանի՝ափի մեջ տեղավորվող երաժշտական գործիքների ստեղծման շնորհքը շատերը համարում են աստվածատուր: Ինքը՝ «կենդանի» մանրակերտների հեղինակ Վալեր Նազարեթյանը խոստովանում է, որ առանց այդ փոքրիկ «արարածների» իր համար կյանքն անգույն կլիներ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ