hraparak.am. Նախորդ շաբաթվանից քննարկումների կիզակետում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ զոհված կամ վիրավորված զինծառայողների համար պետք է ստեղծվի հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող ամսական կփոխանցի 1000 դրամ:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ , ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի նախկին պետ, գնդապետ Գրիշա Սարգսյանը դրական է ընդունում այն ամենը, ինչը վերաբերում է բանակին, եթե դա ծառայի իր նպատակին. «Մի քանի տարի առաջ, երբ Արթուր Աղաբեկյանը փոխնախարար էր, բացեցին «Մարտիկ» հիմնադրամը, բայց այն նպատակին ծառայե՞ց, թե՞ ոչ, անհայտ մնաց, հիմա սա դրա շարունակությունն է: Պետք է հասկանան մի շատ պարզ բան՝ օրենքը գիտություն է, չեն հասկանում՝ ո՞նց ընդունեն, ի՞նչ ընդունեն, դրա մեջ ինչ կիրառեն, որ այդ օրենքները երկար կյանք ունենան, մինչդեռ օրենքները կարճ կյանք են ունենում: Ես համաձայն եմ բանակին օգնության ձեռք մեկնելուն, ինքս բանակի համար կյանքս չեմ խնայի, և ոչ մի հայ էլ բանակին աջակցելուց չի հրաժարվի, որովհետև բանակն է մեր հզորության և հարատևության երաշխիքը, բանակն է մեր փառքը, և միայն ուժեղ բանակը կարող է զսպաշապիկ դառնալ թշնամիների համար: Ես համաձայն եմ բանակին գումարով աջակցելուն, բայց այդ գործընթացը պետք է անել ավելի խելացի և կոռեկտ, որպեսզի մուրացկանություն չդիտվի, ինչպես Սփյուռքի նախարարի պահվածքը, երբ ասում էր՝ բերեք ամեն մեկդ 1000 դոլար դրեք այստեղ, որ ամեն ինչ լավ լինի: Նման անմտություն անելով` երկիր չեն կառուցում: Ես հարգում եմ և ընդունում եմ Վիգեն Սարգսյանին, բայց այն, ինչ կատարվում և դեռևս պետք է կատարվի՝ նման է մուրացկանության: Ասենք թե հիմնադրամը բացեցին, իսկ ո՞վ է վերահսկելու, որ այն իր նպատակին ծառայի…
Պետք է դիվանագետ լինենք և խելամիտ գործենք հատկապես ազգային խնդիրներին, ազգի ապագային առնչվող հարցերում, մինչդեռ մենք երեք նախագահ ենք ունեցել, ով եկավ, բերեց սահմանադրությունը կարեց իր հագով, որպեսզի պաշտպանի իր իշխանությունը, իր բիզնեսները և այլն: Կարելի՞ է երկու օրը մեկ սահմանադրություն փոխել: Հասկացանք, որ իրենք անձեռնմխելի են, բայց պիտի հասկանան, որ իրենց զավակներն ու թոռներն են ապրելու այս երկրում, պիտի մի քիչ էլ իրենց սերունդների ու նաև հարազատ ժողովրդի մասին մտածեն: Նույն գործելաոճն է նաև Ազգային Ժողովում, որի 99 տոկոսը չպետք է այնտեղ նստած լիներ, որովհետև կարևորը երկրորդականից չեն էլ տարբերում, իսկ թե ինչպես են օրենք ընդունում և փաթաթում ժողովրդի վզին՝ բոլորս ենք տեսնում…»:
-Պարոն Սարգսյան, նշեցիք, որ այդ ամենը կարելի էր կոռեկտ ձևով անել, ի՞նչ եք առաջարկում, ինչպե՞ս կազմակերպել, որ ձեր խոսքով ասած՝ մուրացկանություն չդիտվի:
Կարդացեք նաև
– Դրա համար ունենք հատուկ ինստիտուտներ, խոշոր տնտեսագետներ, կարելի էր այնպես կազմակերպել, խնդիրը այնպիսի խելամիտ ձևով ներկայացնել, որ բնակչությունն այսպես դժգոհ չընդուներ բանակի աջակցության համար նախատեսվող ձեռնարկումը: Իսկ մարդիկ չեն հավատում նման հիմնադրամի անաչառությանը, բնակչությունը դժգոհ է, վստահություն չկա պետության, իշխանության նկատմամբ: Սոցիալական անարդարություններից, խաբվելուց մարդիկ վաղուց հոգնել են, նրանք այսօր վստահ չեն, որ այդ 1000 դրամները տեղ կհասնեն և զինվորն ու նրա ընտանիքը պաշտպանված կլինի դրանով: Իշխանության կեսը դոկտոր-պրոֆեսորներ են, միթե չե՞ն կարողանում մշակել մի այնպիսի մեխանիզմ, որը ընդունելի լիներ բնակչության համար: Թե չէ ինչի նման է այդ պարզունակ առաջարկը, որը շատ նման է հետևյալին՝ թող մի հատ բոչկա դնեին հրապարակում, որպեսզի գնացող-եկողը գցեր իր 1000 դրամը…
Այս անճարակությունը ուրախացնում է թշնամիներին, որ մտածում են, թե Հայաստանը այն օրն է ընկել, որ հազար-հազար դրամ է հավաքում…
Իսկ ինչպես հասկանալ, երբ 5 միլիոն ստացողն էլ պետք է 1000 դրամ տա, 80 հազար դրամ ստացողն էլ, այս հարցում նույնպես սոցիալական անարդարությունն ակնհայտ է: Կամաց-կամաց իմ մեջ վստահություն է առաջանում վարչապետի նկատմամբ, և ես իմ թիմով կկանգնեմ նրա կողքին, որպեսզի իր բոլոր ծրագրերն իրականացնի Հայաստանի առաջընթացի համար:
-Եթե այդ հիմնադրամը վերահսկի հանրության կողմից վստահություն ունեցող անձ, դա բավակա՞ն կլինի դժգոհության ալիքը մեղմելու համար:
– Իշխանության մեջ այդպիսի անձ կա՞, որը կարող է կանգնել այդ հիմնադրամի կողքին…
– Այս պահին ժողովրդի մոտ վստահության նշույլ մտցրել է միայն վարչապետը:
-Նշում եք, որ ձեր թիմով կանգնելու եք վարչապետի կողքին, եթե վերջինս անդամակցի ՀՀԿ-ին, այդ դեպքո՞ւմ էլ նրան կաջակցեք:
– Եթե վարչապետը կարողանա արմատական փոփոխություններ մտցնել, մաքրել դեղնակտուցներից և սուտ փիլիսոփաներից Հանրապետական կուսակցությունը, ես մեծ սիրով կաջակցեմ և թիկունք կկանգնեմ նրան, իսկ եթե մնա այսօրվա կազմը, ի սեր Աստծո, ես անելու բան չունեմ:
– Առաջիկայում ԱԺ ընտրություններն են, Դուք ձեր թիմով ո՞ւմ կողքին եք կանգնելու, մասնակցություն ունենալո՞ւ եք:
– Ես չեմ կարող ասել, որովհետև այնքան խառնաշփոթ է քաղաքական դաշտում, բայց նախ քաղաքական դաշտ գոյություն չունի, ցերեկը խաղում են ընդդիմություն, գիշերը գնում և խառնվում են թալանչիների հետ: Կգա ժամանակ, ամեն ինչը կշտկվի և կիմանաք՝ ում կողքն ենք կանգնելու: Երբ կողմնորոշվենք` որ ուժի կողքը կարելի է կանգնել, բայց մեր կանգնելը լինելու է վճռական ու անպայման հաղթական քայլ ենք անելու:
– Պարոն Սարգսյան, հիմա Դուք ձեզ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ եք համարում, ժամանակին սատարել եք ՀՀԿ-ին:
– Ես ոչ ընդդիմադիր եմ, ոչ իշխանամետ, ես ժողովրդի զավակն եմ, նրա կողքին եմ: Դուք տեսե՞լ եք, որ ես ինձ կուսակցական համարեմ, դիմություն-ընդդիմություն խաղամ, այդ կապիկությունները ես չեմ ընդունում:
Մամլո հաղորդագրություն