Բոլորովին վերջերս Լեոյի կարճ փողոցի միջնամասում` ԱԻՆ-ի շենքի դիմաց, դրվել է թարթող լուսացույց, հայտնվել է մեքենաների արագությունը նվազեցնող շատ նպատակահարմար թումբ՝ համապատասխան գծանշումով, որոնցից քաղաքում շատ քիչ տեղերում է առկա:
Պարզվում է՝ Լեոյի փողոցի այդ հատվածում տրանսպորտային միջոցների ու հետիոտնի համար շարժումը կարգավորելու անհրաժեշտությունը կար, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆի- Ա.Բաբաջանյան փողոցների հատման խաչմերուկում տրանսպորտային միջոցների և տարբեր ուղղություններով հետիոտների շարժի ինտենսիվությունը բավարար չէ լուսացույցային օբյեկտ տեղադրելու համար: Այսպիսի հիմնավորմամբ թաղամասի բնակիչների կողմից բարձրացված խնդրի մասին իմ դիմումը մերժել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Ե. Կարապետյանը: Նշված խաչմերուկում համարյա ամեն օր վթար կա, այդ չկարգավորվող խաչմերուկը բավական չէ, խաչմերուկին հարող տարածքի գազալցակայանից մեքենաներն անկանոն, խաչմերուկը ուղիղ հատելով են դուրս գալիս, ոչ մի կարգավորող նշան չկա:
Ես չգիտեմ, թե Լեոյի փողոցի անվտանգ երթևեկությունն ում պատվին է կարգավորվել, սակայն մեր թաղամասում ապրող բնակիչներս այս խտրական մոտեցումը շատ լավ տեսնում ենք ու ենթադրություններ անում այդ պատվին արժանացած մարդու մասին:
Հարգելի պարոն Ե.Կարապետյան, Մալաթիայի Րաֆֆի-Ա.Բաբաջանյան խաչմերուկի լուսացույցն անհրաժեշտություն է, մենք պահանջում ենք «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ապահովել այս խաչմերուկի անվտանգությունն ու կից գազալցակայան մեքենաների ելումուտը:
Ահա Լեոյի փողոցի միջնամասում մեքենաների և հետիոտնի անվտանգությունն ապահովող անցման լուսանկարը:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության անդամ