Aravot.am-ը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուին խնդրեց կարծիք հայտնել մերձավորարեւելյան տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացման մասին, սակայն վերջինս գերադասեց ընդգծել Ռուսաստանի գործողությունները: «Ռուսաստանը՝ ձեր դաշնակիցը, զենք է տրամադրում Ադրբեջանին: Ռազմական տեսակետից Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններն այնքան էական չեն, որքան Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Ռուսաստանն Ադրբեջանին տրամադրում է բոլոր հիմնական զինատեսակները՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ…»,-ասաց Ուիլյամ Լահյուն՝ ակնարկելով, որ տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացման մասին խոսելիս չես կարող միայն Թուրքիային դիտարկել. «Պետք է նայել նաեւ այլ երկրների, որոնք իրավիճակի վրա ազդեցություն ունեն»:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցն է եւ տարածաշրջանի կարեւոր գործընկեր ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար: Ըստ նրա. «Թուրքիան ինքն է սահմանում հարաբերությունները իր հարեւանների հետ: Բայց մի բան է կարեւոր հիշել. ՆԱՏՕ-ի դաշնակիցները նվիրված են կայունության եւ խաղաղության պահպանմանը»:
Հիշեցնենք, որ ըստ հայաստանյան փորձագետների՝ Թուրքիայի տարածքային նկրտումներն առավել քան ակնառու են Սիրիա եւ Իրաք ներխուժելու համատեքստում, առավել եւս, երբ Էրդողանը հայտարարում է, որ «Հալեպն ու Մոսուլն իրենց են»՝ ըստ էության, ակնարկելով, որ մտադիր են կյանքի կոչել Թուրքիայի «ազգային ուխտը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ