Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի ու Անկարայի փոխադարձ ցանկությամբ՝ առանց նախապայմանների: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Միգուցե արդեն տարածված օրինակ է, բայց ես միշտ ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ցանկացած ընտանիքի ձևավորում պահանջում է երկուստեք համաձայնություն: Այստեղ չի կարելի ասել, որ խնդիրը 50 տոկոսով լուծված է. սա այդ դեպքը չէ: Այս պլանում մեզնից ոչինչ կախված չէ»,- ասել է Սարգսյանը:
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն իր կողմից վաղուց պատրաստ է քայլ անել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ:
«Մինչև 2009թ. մեր որոշ ընկերներ անգամ ասում էին, որ մենք բարդույթավորված ենք Ցեղասպանությամբ, որ մենք պարզապես չենք ցանկանում թուրքերի հետ որևէ հարաբերություն ունենալ, քանի դեռ նրանք չեն ճանաչել Ցեղասպանությունը: Բայց մենք գնացինք դրան: Դուք հասկանու՞մ եք այն ժամանակ իմ դրությունը, երբ ես գրեթե ողջ աշխարհը շրջեցի՝ հանդիպելով հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ դուրս եկան այդ երկրների քաղաքացի հանդիսացող հազարավոր հայեր՝ պահանջելով չստորագրել այդ արձանագրությունները: Ես աշխատում էի, ես համոզում էի, ես խնդրում էի»,- ասել է Սարգսյանը:
Կարդացեք նաև
«Արդյունքը՝ ստորագրեցինք, բայց նրանք իրենց պարտականությունները չեն կատարում: Է՞լ ինչ անենք: Տեղի տանք և ասենք. «Այո, եկեք անվտանգության գոտին հանձնենք Ադրբեջանին», իսկ Թուրքիան բացի՞ սահմանները: Իսկ հետո՞: 3 ամիս, մեկ տարի, մեկուկես տարի հետո դարձյալ ինչ-որ կոնֆլիկտ լինի, և դարձյալ փակի: Չէ՞ որ դա մեզնից կախված չէ»,- ասել է Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ դեռ 2008թ. Հայաստանը Թուրքիային առաջարկում էր հրապարակել բանակցային գործընթացը, իսկ արդեն 2009թ. կողմերը ստորագրեցին երկու արձանագրություն: «Եվ Ցյուրիխում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ-երկրների արտգործնախարարների ներկայությամբ ստորագրեցինք այդ երկու արձանագրությունները: Բայց, ցավոք, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստ չեն վավերացնել այդ արձանագրությունները և փաստացի պատրաստ չեն Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,- ասել է Սարգսյանը: -Եվ նրանք սկսեցին նախապայմաններ առաջ քաշել. Հայաստանը թող համոզի Ղարաբաղին, որ Ադրբեջանին հանձնի գոնե մեկ «օկուպացված շրջան», ինչպես նրանք են ասում: Այսինքն` անվտանգության գոտու մի մասը: Եվ այդ ժամանակ թուրքերը պատրաստ կլինեն հարաբերություններ հաստատել, բացել սահմանը: Քանի որ մենք պայմանավորվել էինք, և երկու արձանագրությունների փաստաթղթերում էլ դա շատ հստակ գրանցված էր, որ մենք հարաբերություններ ենք հաստատում առանց որևէ նախապայմանի, մեր պատասխանը հետևյալն էր. «Ներեցեք, այդ մասին պետք էր խոսել նախքան ստորագրելը, այսինքն` բանակցային գործընթացի ժամանակ»: Եվ դրանից հետո մենք Թուրքիայի հետ որևէ հարաբերություն չունենք: Պարզապես, եթե մենք հանդիպում ենք ինչ-որ տեղ՝ միջազգային ֆորումներում, միայն բարևում ենք իրար ու վերջ»:
Սարգսյանը միաժամանակ նշել է, որ ինքը ցանկանում է, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի: «Ուզում եմ, որպեսզի Թուրքիայի երիտասարդությունը հասկանա՝ ինքը մեղավոր չէ, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է իրականացվել: Քանի որ, ըստ էության, ինչո՞վ է մեղավոր այսօրվա թուրք երիտասարդությունը: Հասկանու՞մ եք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ