«Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունն արդյունավետ է: Մենք գնահատում ենք նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Վարշավայի գագաթաժողովին»,-Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ՆԱՏՕ-ի՝ «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Գնահատում ենք նաեւ հայ խաղաղապահների մասնակցությունը՝ Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի աշխատանքներին: Իսկապես, այդ երկու երկրներում էլ գերազանց աշխատանք է կատարվել»,-համոզմունք հայտնեց դեսպանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին եւս ընդգծեց հայ խաղաղապահների կարեւորությունը. «Մեծապես գնահատում ենք այն փաստը, որ Հայաստանը մեզ հետ է Աֆղանստանում եւ Կոսովոյում: Լիբանանում նույնպես գործակցելու հնարավորություն կա»:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան նաեւ կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ՀՀ գործակցությունը ծաղկել եւ առաջընթաց է ապրել. «Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել հատկապես անվտանգության տեսանկյունից: Կարելի է չլինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց անվտանգության ոլորտում լուրջ ներդրում ունենալ: ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը տարածաշրջանում անվտանգության տրամադրող դերակատարներ են»:
Կարդացեք նաև
Ջեյմի Շին նաեւ ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն փորձում է պայքարել կիբերանվտանգության ոլորտի մարտահրավերների դեմ, քանի որ ներկայում անգամ ահաբեկչությունն է տարածվում «ցանցային» ճանապարհով. «Մեր դաշինքի համար կարեւոր է գործել նաեւ կիբերանվտանգության ոլորտում, ինչպես ծովում, ցամաքում եւ տիեզերքում: Ահաբեկչությունը ճնշող իրականություն է, թեեւ շատերն այն նորմալ են համարում: Հուսով ենք՝ «Իսլամական պետությունը» պարտություն կկրի Մերձավոր Արեւելքում, եւ կունենանք անվտանգության քիչ ռիսկեր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ