Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան. «Պետության այդպիսի մոդելի տեսլականի կրողներն իշխանությունը զավթելուց հետո քանդում են պետության հիմքերը». «168 ժամ»

Նոյեմբեր 17,2016 12:27

Ինչո՞ւ զինված խմբավորման գործողությունները միանշանակ գնահատական չստացան հասարակության կողմից, ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բռնության հաճախակի արդարացումը, ո՞րն է տարբերությունը զինված ապստամբության և ահաբեկչության միջև։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հ/կ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ։

– Այսօր էլ հուլիսյան դրամայի շուրջ հանրային սուր բանավեճը չի դադարում։ Հերոսնե՞ր էին այդ տղաները, թե՞ հանցագործներ, ընդունելի՞ են, թե՞ մերժելի պայքարի այդ մեթոդները, հնարավո՞ր է արդյոք զինված ապստամբության միջոցով լուծել մեր երկրի առջև կանգնած խնդիրները, և այլն։ Կարծես միանշանակ և բոլորի կողմից ընդունելի պատասխաններ մենք չունենք։

– Նախ՝ հասարակությունը դեռ չի ստացել մի շարք հարցերի պատասխանները, ինչպե՞ս ստացվեց, որ խոշոր զինված խմբավորմանը հաջողվեց գրավել մայրաքաղաքում տեղակայված ոստիկանական գունդը, ովքե՞ր են երեք ոստիկանների սպանության իրականացնողները, որո՞նք են հարձակման իրական (ոչ թե հռչակած) նպատակները, արդյոք այդ գործողությունները պատվիրատուներ ունե՞ն։ Որոշ հարցերի պատասխաններ միգուցե ստանանք դատավարության ընթացքում։

Երկրորդը՝ զինված խմբավորման գաղափարախոսներն ու մասնակիցներից մի քանիսը հանրային դեմքեր են, որոնց պայքարի մեթոդներն ընդունելի են հասարակության որոշ հատվածի համար։

Մեդիայի օգնությամբ «Սասնա ծռերի» թեման բավականին հմտորեն պահվում է ուշադրության կենտրոնում, պարբերաբար ստեղծվում են տեղեկատվական նոր առիթներ։ Ասենք, ձերբակալվածներից մեկն իր թեկնածությունն է առաջադրում ՏԻՄ ընտրություններում, վիրավորներից մեկի ոտքի բուժման հետ կապված «ֆլեշ-մոբեր» են կազմակերպվում, «Սասնա ծռերի» և «Հիմնադիր խորհրդարանի» կողմից մշակված «ճանապարհային քարտեզ ու Սահմանադրական դրույթներ» անվամբ մի անհեթեթ փաստաթուղթ է հրապարակվում։

– Բայց Ձեր կողմից որպես անհեթեթ որակավորված փաստաթուղթն իրենից ներկայացնում է երկրում քաղաքական և տնտեսական արմատական փոփոխությունների ճանապարհային քարտեզ։

– Այո, արմատական բարեփոխումները խիստ անհրաժեշտ են մեր երկրին։ Բայց տեսեք, թե ինչ են առաջարկում Սէֆիլյանն ու իր գաղափարակիցներն այդ ճանապարհային քարտեզում։ Նրանք ներկա Հայաստանն անվանում են «հակապետություն», «չպետություն», որի իրավա-քաղաքական հիմքերը լեգիտիմ չեն (այսինքն, առոչինչ են համարում Հայաստանի 25-ամյա պատմությունը)։

Նրանք մերժում են ընտրությունները՝ որպես պետության կայացման և ժողովրդավարության հիմնական ինստիտուտ։ Նրանք պատրաստվում են ղեկավարել երկիրը մի քանի հոգուց բաղկացած Խորհրդով (այսինք՝ խունտայով)։ Նրանց կողմից ձևավորված կառավարությունն «առաջին հերթին՝ կասեցնելու է ոռոգման ջրի վարձի, կարմիր գծերի, ճանապարհային երթևեկության տուգանքների և տույժերի, փոքր բիզնեսի հարկերի և տուգանքների ու տույժերի գանձման գործընթացը, ինչպես նաև ներելու է դրանց չվճարված գումարները» (այսինքն, առաջարկում են քաղաքակիրթ աշխարհում վաղուց մերժված «ռազմական կոմունիզմի», տնտեսական անարխիայի մոդելներ)։ Նրանք պատրաստվում են սկիզբ դնել «մարդկային երջանկության ապահովմանը կոչված հայրենի պետականությանը» (սա հնարավոր չի նույնիսկ մեկնաբանել՝ վերջին անգամ երջանիկ հասարակության ձևավորումն իրենց աշխատություններում խոստանում էին միջնադարյան ուտոպիստները)։ Չշարունակեմ։

Նման արխաիկ հակատնտեսական և հակաքաղաքական մոտեցումներով հնարավոր չի կառուցել մրցունակ, ուժեղ երկիր։ Հակառակը՝ պետության այդպիսի մոդելի տեսլականի կրողներն իշխանությունը զավթելուց հետո քանդում են պետության հիմքերը։

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930