Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի նախագահը նշել է, որ մի քանի անգամ Երևանը և Բաքուն մոտ են եղել պայմանագրի ստորագրմանը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստիին»

Նոյեմբեր 17,2016 11:45

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որում անդրադարձել է անվտանգության խնդիրներին, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Մասնավորապես, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ տա:

«Մենք երբեք չենք հրաժարվել որևէ հանդիպումից: Լինի դա նախագահների, մակարդակով, արտգործնախարարների, թե՝ աշխատանքային: Բայց մենք միշտ ցանկանում ենք, որ այդ հանդիպումները օգուտ բերեն, ինչ-որ տեղաշարժ լինի: Եթե տեղաշարժ չկա, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետո պայմանավորվածությունները չեն կատարվում, ի՞նչ օգուտ կա այդ հանդիպումներից»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է «հենց վաղը, հենց այսօր երեկոյան համաձայնագիր ստորագրել հրադադարի խախտման քննության մեխանիզմների վերաբերյալ»:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի և՛ համանախագահները (ԵԱՀԿ ՄԽ-խմբ.), և միջազգային հանրությունը հստակ իմանան՝ ով է խախտում հրադադարը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների ճանապարհով:

«Իհարկե, կա լուծում, և մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա. սա այն դեպքը չէ, որ հաղթի Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը»,- ասել է նախագահը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակվել են ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և նրանց ինքնորոշման իրավունք: Ընդ որում, Սարգսյանի խոսքով, Երևանը պատրաստ է վերադառնալ Բաքվի հետ բանակցություններին, «բայց միայն այս երեք սկզբունքների հիման վրա»:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ԼՂ հակամարտությունը լուծելիս պետք է հաշվի առնել նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

«Մենք ընդունում ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականություն, այդ թվում՝ Ադրբեջանինը: Բայց ժողովուրդների ինքնորոշումը որևէ կերպ չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքին և ժողովրդին, որը համատեղ ապրում է քաղաքակիրթ աշխարհում: Բոլոր հարցերը լուծվում են առանց ուժի կիրառման, հատկապես սեփական պատմական հայրենիքում: Եթե մենք մերժում ենք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուստի մենք չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից. չէ՞ որ դա տեղի ունեցավ հենց այդ սկզբունքի հիման վրա: Հետևաբար, այդ սկզբունքները որևէ կերպ չեն հակասում միմյանց»,- ասել է նա:

Ընդ որում, Հայաստանի նախագահը նշել է, որ մի քանի անգամ Երևանը և Բաքուն մոտ են եղել պայմանագրի ստորագրմանը, որում կարող էին արտացոլվել հիմնական սկզբունքները:

«Դրանք են՝ հայկական կողմերը, այսինքն` Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցնում են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին Ադրբեջանն ասում է, որ օկուպացված են: Բայց որպես առաջին կետ՝ այնտեղ հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով: Այդ ազատ կամարտահայտումն ունի պարտադիր իրավական ուժ: Հետո նշված էր՝ ով է մասնակցում, ինչպիսին է օրակարգը: Այսինքն՝ հանրաքվե: Դա ինքնորոշման սկզբունքի արտացոլումն էր: Բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր ներկայացնում»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը մինչ այժմ պատրաստ է վերադառնալ այդպիսի փաստաթղթի: «Բայց մեր պատրաստակամությունը ոչինչ չի նշանակում, քանի որ նման դեպքերում պատրաստ պետք է լինեն կողմերը, ոչ թե մեկ կողմը: Բացի այդ, ապրիլյան իրադարձություները ցույց տվեցին, որ կողմերի միջև վստահությունը զրո է, վստահություն չկա բացարձակապես»,- ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրների տեղակայմանը՝ Սարգսյանն ասել է, որ դա հարկադրված քայլ էր և արվել է տարածաշրջանում կայունություն պահպանելու համար:

«Կարծում եմ, որ դա հարկադրված քայլ էր, որպեսզի ինչ-որ ձևով հավասարակշռվի մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարում պարբերաբար ձեռք է բերել նոր սպառազինություն: Մենք այնպիսի հնարավորություններ չունենք, ինչպես Ադրբեջանը, ես նկատի ունեմ ֆինանսական հնարավորություններ, բայց մենք անընդհատ փորձում ենք հավասարակշռել իրավիճակը՝ հակաթույն գտնելով: Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի հակաթույն է,- ասել է նա:- Իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ուզում գնալ դրան, բայց ինչ անել՝ եթե քեզ ամեն օր սպառնում են պատերազմով, ֆիզիկական բնաջնջմամբ: Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագիր ունի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու վերաբերյալ: «Կարծում եմ, Ռուսաստանը, ելնելով դրանից, ընդառաջ է գնացել մեր խնդրանքին և մեզ տրամադրել ռազմական առումով հիանալի այդ համակարգը: Իհարկե, միգուցե մարդկության համար լավ կլիներ, եթե նման համակարգ չլիներ, բայց երբ դու հարկադրված ես, դու նաև դրան ես դիմում»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում, այդ թվում խաղաղություն և կայունություն պահպանելու առումով:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին և նշել, որ նոր ռազմաբազաների տեղակայման անհրաժեշտություն չկա, բավական է միայն «ռազմական ուժ հաղորդել» արդեն եղածին:

«Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները՝ իր մեջ ներառել այն բոլոր տարրերը, որոնք պահանջվում են: Ուստի փոքրիկ Հայաստանում մեկ բազան, կարծում եմ, բավարար է, պարզապես պետք է այդ բազային ռազմական հզորություն հաղորդել»,- ասել է Հայաստանի նախագահը:

 

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930