Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին: Միջոցառմանը, որը հյուրընկալում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցում են Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելոռուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը, Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման մասնակիցներին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների հյուընկալումը մեր երկրի համար մեծ պատիվ է. «Հանդիպումը տեղի է ունենում մեր պետության համար շատ կարևոր ժամանակահատվածում, քանի որ այն համընկնում է ՀՀ ասոցացմանը՝ Եվրոպական Միության «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին: Ասոցացման ճանապարհը, որն անցել ենք եվրոպական գործընկերների հետ միասին, մեր երկրի համար բավական երկար և պատասխանատու է եղել: Մենք սկսել ենք 3 տարի առաջ և այսօր կարող ենք հայտարարել, որ համաձայն ՀՀ օրենսդրության` համաձայնագիրն ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 12-ին: «Հորիզոն-2020» ծրագիրը Հայաստանի գիտական հանրության առջև բացում է նոր հնարավորություններ. նոյեմբերի 12-ից մեր գիտնականներն ու գիտական կազմակերպություններն ունեն ընդհանուր մուտք «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում հայտարարվող բոլոր մրցույթներին:
Մենք գիտակցում ենք, որ անդամակցումը ծրագրին առաջին կարևոր քայլն է, որից հետո մեզանից հետևողական ջանքեր են պահանջվելու՝ արդյունավետ օգտագործելու ընձեռված հնարավորությունները»,-իր խոսքում նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է ամենայն ուշադրությամբ գնահատի մեր երկրի գիտական հնարավորություններն ու պոտենցիալը՝ առաջին հերթին Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում:
Վստահություն հայտնելով, որ «Հորիզոն-2020» ծրագիրը կնպաստի ՀՀ-ում գիտության զարգացմանը՝ Լևոն Մկրտչյանը կարևորել է Եվրոպական համայնքի կողմից Հայաստանի գիտական և գիտատեխնիկական փորձաքննության համակարգի գնահատումը, որն իրականացվել է 2015 թվականին. «Մենք նաև հույս ունենք, որ ծրագրի շրջանակում կարվի նոր գնահատում, որը հնարավորություն կտա մեզ ճշտումներ մտցնել մեր կողմից վարվող քաղաքականության մեջ»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը և Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոյեդաշը:
Մեկնարկել է պատվիրակության ղեկավարների մասնակցությամբ կլոր սեղան քննարկումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն