Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ դեպքեր են հայտնի, երբ դպրոցի տնօրենի պաշտոնում ծնողին փոխարինել է զավակը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 17,2016 11:27

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի   նշանակումից անմիջապես հետո նրա շատ խոսքեր ու գործեր հանրային հնչեղության ստացան։ Դրանցից մեկը հանրակրթական հաստատությունների տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցվելուն վերաբերող հայտարարությունն էր։

Բայց այդ երեւույթը թույլ չտալու ուղղությամբ խոսքից գործին անցում, ըստ էության, այդպես էլ տեղի չունեցավ։ Կառավարության դեռեւս հոկտեմբերի 13-ի նիստում վարչապետը հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ինչպես նաեւ ՀՀ մարզպետներին ու Երեւանի քաղաքապետին՝ 7-օրյա ժամկետում մշակել ու ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման ուղղությամբ։ «Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք՝ մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում եւ այլն։ Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է այն օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Սահմանված ժամկետից բավական անց կրթության եւ գիտության նախարարությունից գրավոր հարցմամբ փորձեցինք պարզել, թե ինչ առաջարկներ են ներկայացվել տնօրենի ընտրության կարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Խնդրել էինք մանրամասնել, թե ինչ նախագիծ է մշակվել ու ինչ փոփոխություններ կամ ինչ նոր բան է առաջարկվում։

Նախարարությունից, պատասխանելով մեր հարցմանը, հայտնում են, որ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրությունը կարգավորող իրավական ակտերում կամ դրանց առանձին դրույթներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր ներկայումս չեն շրջանառվում։

Հետաքրքրվել էինք նաեւ, թե գերատեսչությանն ինչ դեպքեր են հայտնի, երբ դպրոցի տնօրենի պաշտոնում ծնողին փոխարինել է զավակը եւ այդ դպրոցներից որոնց դեպքում է ծնողը շարունակել աշխատել մեկ այլ կարգավիճակով։ Այս հարցին ԿԳՆ-ից պատասխանում են. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում քննարկվում է տեղեկատվության հավաքագրման ձեւաչափը»։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930