Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկումը ապրիլյան պատերազմից հետո երկրորդն էր, որի ժամանակ խորհրդարանում բարձրացվեց զինված ուժերում կոռուպցիայի խնդիրը։
Պատերազմի օրերին քառօրյա նիստեր էին։ Այն ժամանակ էլ հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացել կապված այն բանի հետ, որ որոշ գեներալներ բանակի փողերը թալանելով՝ թանկարժեք մեքենաներ են վարում, ապարանքներում են ապրում, մինչդեռ մեր զինվորները սահմանին 80-ականների զենքով են կանգնած, անհրաժեշտ քանակությամբ փամփուշտ չունեն, կապի միջոց չունեն եւ այլն։
Այն ժամանակ էլ ֆեյսբուքում ակտիվ երիտասարդները տարածում էին մի քանի գեներալների ջիպերի, ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների նկարների կոնտրաստային նկարները համեստ հանդերձանքով զինվորների ֆոնին։ Այս տրամադրությունները փոխանցվեցին խորհրդարան, պատգամավորները բոցաշունչ ելույթներ ունեցան արդարության վերականգնման եւ այդ օրերին մեկ մարդու պես ռազմաճակատ շտապող ժողովրդին արժանին մատուցելու մասին։
Եվ ինչ եղավ այս ամենի արդյունքում։ Արդյունքում ՊՆ չորս վարչությունների պետեր պաշտոնանկ արվեցին, քրեական գործ հարուցվեց, որից մինչեւ հիմա լուր չկա, հզոր շքերթ եղավ, Հանրապետության հրապարակով «Իսկանդերն» անցավ, նոր նախարար նշանակվեց եւ առաջ քաշեց ազգ-բանակ գաղափարախոսությունը։
Տարբեր հեղինակավոր աղբյուրներից-անձանցից ստացվող տեղեկությունների համաձայն՝ առաջնագծում լայնածավալ ինժեներատեխնիկական աշխատանքներ կատարվեցին եւ լուծվեց զինվորների պատշաճ հանդերձավորման խնդիրը։
Միեւնույն ժամանակ բոլորը մոռացան բանակը թալանող գեներալներին, բյուջեն թալանող պաշտոնյաներին, նրանց մեքենաներն ու դղյակները եւ անցան իրենց սովորական առօրյա կյանքին։
Տպավորություն ստեղծվեց, որ պատերազմից հետո կատարված վերոնշյալ քայլերը բավարարել են մարդկանց։ Բայց պարզվեց, որ այդ տպավորությունը խաբուսիկ է։ Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարը կառավարությանը ներկայացրեց զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների փոխհատուցման օրենքի նախագիծը, որով յուրաքանչյուր աշխատողից պետք է գանձվի 1000 դրամ։
Բոլորը կրկին հիշեցին բանակը թալանող գեներալներին, նրանց մեքենաներն ու դղյակները։ Ֆեյսբուքում հայտնվեցին ջիպերի կոնտրաստային նկարներ՝ 1000 դրամանոց թղթադրամների ֆոնին։ Հանրային մեծ դժգոհություն առաջացավ, որն էլ այս օրերին տեղափոխվեց խորհրդարան։
Եվ կրկին որոշ պատգամավորներ բոցաշունչ ելույթներ ունեցան արդարությունը վերականգնելու, ժողովրդին չթալանելու եւ նրա հետ արժանի վարվելու մասին։ Այսօր օրինագիծը կընդունվի։ Գուցե մինչեւ այս շաբաթավերջ գեներալների մեքենաները դեռ հիշողներ լինեն, բայց հաջորդ շաբաթվանից ամեն ինչ կմոռացվի ու բոլորը կանցնեն իրենց առօրյա գործերին։
Առաջիկայում բարդ ժամանակներ են, չի բացառվում, որ պատերազմական գործողությունները կրկնվեն։ Եվ եթե նման բան լինի, մենք արդեն երրորդ փուլով կտեսնենք բանակը թալանած գեներալների տների ու մեքենաների նկարները ու կլսենք պատգամավորների ելույթները, որ չի կարելի ծաղրել ժողովրդին։
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից