Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձից 1000 դրամ զինծառայողներին հատկացնելը տասանորդը տալու իմաստը պետք է ստանա

Նոյեմբեր 17,2016 11:07

Բանակ-հասարակություն կապի մասին խոսվել ու խոսվում է բազմիցս: Ավելին, այն կարելի է դիտել օրակարգային: Սակայն բոլոր միջոցառումները չէ, որ իրենց հիմքում սոցիալական քաղաքականության նպատակ ունեն:

«Ամեն ամիս աշխատավարձից 1000 դրամ զինծառայողների սոցիալական խնդրին հատկացնելը ոչ միայն արդար է, այլ նաև պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»,- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանձնաժողովի նիստում քննարկվել է օրինագծերի փաթեթը, որով սահմանված է այս նորմը:

Միանգամայն իրավացի է Պաշտպանության նախարարն այն հարցում, որ «…, սա ազգ-բանակի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն է, որով մենք ամեն ամիս մեր աշխատավարձը ստանալիս լրացուցիչ առանձին տողով մտածում ենք մեր առաջնագծում կանգնած զինծառայողի մասին: Եվ դա ոչ միայն արդար է, այլ նաև պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»:

Այդ սիմվոլիկ գումարն իրականում, ինչ-որ տեղ հիշեցնում է տասանորդի իմաստը, որը յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի անվիճելի համոզմունքն ու սկզբունքն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է այն ճիշտ հարյուր հազարից բարձր և յոթանասուն հազարից ցածր աշխատավարձ ստացողների պարագայում:

Բայց ճշմարտությունը մեկն է. մենք ևս պետք է ունենանք այս օրինագիծը, և որի հաստատմամբ դրական իմաստով փոփոխություններ տեղի կունենան մարդկանց գիտակցության մեջ ու համոզմունքներում: Յուրաքանչյուր ամիս 1000 դրամ գումարը պաշտպանության նախարարությանը փոխանցելն, անշուշտ, կանդրադառնա մարդկանց՝ հայոց բանակի հետ ունեցած հոգեբանական նույնացման և դրա հետ կապված պիկային զգացմունքների վրա, ինչը յուրատիպ ուղերձ է նաև մարդկանց ոչ միայն գիտակցական, այլև ենթագիտակցական աշխարհների համար:

Հենց այսպես է, որ մենք ավելի պարտավորված կզգանք հայրենիքի ու հայրենիքը պաշտպանողների նկատմամբ: Հենց այսպես է, որ մեր ազգային ես-ն ավելի ամբողջական կդառնա, ինքնության զգացումը՝ ավելի լիարժեք:

Իրականում մարդու գիտակցությունը կառուցվում է որպես նույնականացման մատրիցա, որի հիմքում ընկած են մի շարք խմբային նույնականացումներ: Այսպիսի՝ զուտ սոցիալական շեշտադրում ունեցող միջոցառումները նպաստում են կոլեկտիվ և խմբային մտածողության ձևավորմանն ու համախմբվածությանը:

Հայոց բանակի հետ հոգեբանական նույնացման պարագայում բավարարվում են նաև մարդկանց ինքնահարգանքի, սոցիալական պատկանելության հետ կապված հոգեբանական պահանջմունքները, իսկ երիտասարդ սերնդի մոտ՝ հիմնարար տագնապի հաղթահարման գործընթացը:

Այդ սիմվոլիկ գումարը, որ մենք, համոզված եմ, պատրաստ ենք փոխանցել հայոց բանակին, կնպաստի նաև մեր խմբային հիշողության պահպանմանը, ընդհանուր ապագայի նկատմամբ հավատի մեծացմանը: Այս սիմվոլիկ գումարը մեր մեջ կամրապնդի հայոց բանակի սիմվոլիկան՝ իր ամբողջության մեջ:

Ճշմարտությունը թույլ է տալիս ասել, որ մենք ունենք մարդկանց անհատական ճգնաժամի խնդիր, ինչն, անտարակույս իր հերթին բերում է նրանցից կախում ունեցող ինստիտուտների ճգնաժամին: Եթե ոչ բանակի, ապա այլ արժեքների դաշտում մենք ունենք հոգևոր գործոնների «մաշվածության» երևույթ, ինչը հանգեցնում է սեփական անցյալի նկատմամբ տոտալ նիհիլիստական վերաբերմունքի ձևավորմանը: Իսկ այսպիսի միջոցառումները յուրատիպ ուղերձ են մարդկանց գիտակցությանն ու արժեհամակարգին, դիրքորոշումներին ու համոզմունքներին:

Եթե ամենամյա դրամահավաքի ժամանակ մենք ունենում ենք հասարակությունը միավորող ազգային գաղափարախոսություն, որն ավելի շատ իրադրական նկարագիր է ունենում, ապա այս պարագայում խոսքն արդեն հասարակությունը համախմբող ազգային գաղափարախոսության մասին է: Այդ սիմվոլիկ գումարը յուրաքանչյուրիս համար կդառնա, այսպես կոչված «պաշտպանիչ գոտի», որով հասարակության որոշ շերտերի մոտ մեծամասամբ կչեզոքացվի նաև սահմանուն տիրող իրավիճակից առաջացող խուճապային տրամադրությունները:

Քննարկման ներկայացված օրինագիծը, համոզված ենք, որ կհաստատվի, ինչը դրականորեն կանդրադառնա ոչ միայն զինծառայողների առօրյայի, բանակաշինության գործընթացի, ապառազինության մակարդակի բարձրացման, այլև բնակչության մոտ՝ բանակի նկատմամբ ունեցած վստահության վրա:

Սա հուզական մասնակցության հիանալի օրինակ է, որի արդյունքում են ձևավորվում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կամավորականությունը, հավատարմությունն ու նվիրվածությունը:

Ի վերջո` սա ոչ միայն բանակի, այլև հասարակությանը զարգացման տանող գործընթաց է, որովհետև կա սոցիալական հասունություն և զարգացում:

 

Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սիմակ says:

    Շատ իմաստալից հոդված է: Ապրես, Լուսինե: Ողջունում եմ և հիացմունքս հայտնում: Սիմակ

    • Լուսինե says:

      Հայոց Բանակն իմ արժանապատվությունն ու ես-ն է: Բանակի խնդիրը՝ իմ անձնական խնդիրը: Շնորհակալ եմ մեկնաբանության համար

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930