Եվ այսպես, Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է ուղիղ 5 մլրդ. 594 մլն. 888 հազար դոլար, որից 110 մլն. դոլարն ավելացել է ընդամենը վերջին 1 ամսվա ընթացքում։ Միայն արտաքին պետական պարտքը կազմել է 4 մլրդ. 590,5 մլն. դոլար, որից 48,7 մլն. դոլարն ավելացել է սեպտեմբերին։
Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այստեղ պատկերն առավել քան «շլացուցիչ» է՝ դարձյալ ընդամենը մեկ ամսվա ընթացքում ներքին պարտքն աճել է, չզարմանաք՝ 61,3 մլն. դոլարով՝ կազմելով 1 մլրդ. 4 մլն. 367 հազար դոլար։
Մինչդեռ, եթե պետական պարտքի ծավալները դիտարկենք տարեսկզբի համեմատությամբ, ապա 9 ամսվա կտրվածքով այն աճել է ավելի քան 517 մլն. դոլարով, որն ուղղակի «փշաքաղեցնող» է, թեեւ իշխանությունները դրանից ոչ փշաքաղվում, ոչ էլ առանձնապես հետեւություններ են անում։
Երբ ֆինանսների նորանշանակ նախարարին լրագրող Արամ Աբրահամյանը հարցնում է, թե արդյոք հնարավոր չէ՞ր կայացնել քաղաքական որոշում (ինչպես գազի սակագների դեպքում), եւ թոշակները, ասենք, 10%-ով ավելացնել, Վարդան Արամյանը պատասխանում է՝ ոչ, ի թիվս այլ պատճառաբանությունների՝ մատնանշելով նաեւ մեր արտաքին պարտքի սպասարկման բեռը։
Կարդացեք նաև
Եթե ոչ, ապա որեւէ մեկը հարց տալի՞ս է, թե որքան կարելի է ասֆալտ փռել այս երկրում։ Քիչ է մնում բերրի դաշտերն ասֆալտապատվեն, միայն թե փող դուրս գա։ Բայց առավել կարեւոր է սեփական երկրիդ տարիքն առած քաղաքացիներին կիսաքաղց էն աշխարհ չուղարկելը եւ հետո պատճառաբանելը, թե պետական պարտք ենք սպասարկում։ Պրն. Արամյանը հաշվում է, որ թոշակառուների թոշակի 10%-ով ավելացումը պետբյուջեի վրա տարեկան նստելու է, եթե չեմ սխալվում, 65 մլրդ. դրամ, այսինքն՝ տարեկան մոտ 135,4 մլն. դոլար։
Մինչդեռ այս տարվա 9 ամիսների ընթացքում, ինչպես վերը նշեցինք, պետական պարտքն աճել է ավելի քան կես միլիարդ դոլարով, այսինքն՝ գրեթե 4 անգամ ավելի, քան եթե կենսաթոշակները բարձրացվեին։ Բայց կառավարությունը չի դադարում, չէ, վարկեր վերցնել։
Հիմա նույն ձեւով կարող էին մտածել՝ որտեղ այդքան պարտքը, այնտեղ էլ՝ 135 միլիոնը։ Բայց դա չի արվում, որովհետեւ, այո, քաղաքական որոշում չկա։ Իսկ քաղաքական որոշում չկա, որովհետեւ այդ նույն տատիկ-պապիկների ձայները կարելի է գնել միանվագ 5 հազար դրամով, ուրեմն ինչո՞ւ պետության առանց այդ էլ ծանր բեռը ծանրացնել։ Մինչդեռ իշխանությունների համար այլ զսպաշապիկ, քան ընտրությունները, կարծես թե գոյություն չունի:
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում