Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 16-ին կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Կոմիտաս Կարապետյանին:
Գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ ծառայության նոր տնօրենն ուժային տարբեր կառույցներում աշխատանքի մեծ փորձ ունի՝ համոզմունք հայտնելով, որ նա իր գիտելիքներն ու հմտություններն առավելագույնս կկիրառի համակարգի հետագա զարգացման նպատակին:
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մեր հանրապետության կարևորագույն մարմիններից է, և այն գործառութային պարտականությունները, որոնք դրված են այդ կառույցի վրա, ենթադրում են մեծ պատասխանատվություն համակարգի ծառայողների կողմից: Վստահ եմ, որ նոր նշանակումը խթան կլինի ծառայության աշխատանքի բարելավման համար»,- ասել է վարչապետը և հավելել, որ ոլորտի խնդիրները միշտ գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:
Վարչապետի խոսքով՝ ԱԻՊԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Հարությունյանը, հանրապետության նախագահի որոշմամբ, ծառայությունը կշարունակի Պաշտպանության բանակում: Կառավարության ղեկավարն այդ առումով ընդգծել է, որ կայացված որոշումները վերաբերում են ոչ թե զուտ պաշտոնների փոփոխություններին, այլև առաջին հերթին հաշվի է առնվել նրանց ծառայողական արհեստավարժությունը, և մեծ են սպասելիքները, որ այդ ոլորտներում նոր առաջընթաց կապահովվի:
Կարդացեք նաև
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԻՊԾ նախորդ տնօրեն Ա. Հարությունյանին՝ բարձր գնահատելով նրա ներդրումը ոլորտի կառավարման գործում: Իր հերթին Ա. Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ ոլորտի խնդիրները մշտապես ուշադրության ներքո պահելու համար:
Ծառայության նորանշանակ տնօրեն Կ. Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ թիմի հետ միասին կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդարացնեն ժողովրդի ու իշխանությունների սպասելիքները:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին