Մի քանի օրից մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը, եւ Հիմնադրամի գործադիր վարչությունն իր գրասենյակներով արդեն նախապատրաստվում է այդ միջոցառմանը: Որոշ համայնքներում էլ արդեն անցկացվել կամ անցկացվում են դրամահավաքներ: Այս շրջանում, որպես կանոն, աշխուժանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ դիրքորոշում եւ վերաբերմունք արտահայտող լրագրողների, լրատվամիջոցների եւ շարքային քաղաքացիների թիվը, ինչը եւս կարեւոր է մեզ համար, քանզի հնարավորություն է տալիս կողքից նայել մեր գործունեությանը եւ, անհրաժեշտության դեպքում, բարելավել այն:
Առավել, իհարկե, շրջանառվում է Հիմնադրամի նկատմամբ վստահության հարցը, ինչը եւս հասկանալի է, քանի որ «Հայաստան» հիմնադրամը եղել եւ մնում է թիվ մեկ բարեգործական կազմակերպությունը, որը ազդեցիկ է թե՛ իր աշխարհագրությամբ եւ թե՛ իրականացրած ծրագրերի ծավալով: Անհրաժեշտություն չեմ տեսնում թվարկել այն բոլոր ծրագրերը, որ Հիմնադրամը ձեզ հետ միասին իրականացրել է այս 25 տարիների ընթացքում` իրապես փոխելով շատ համայնքների դիմագիծն ու այնտեղ ապրող մարդկանց կյանքը: Այդ ծրագրերի ընթացքին, մեկնարկից մինչեւ բացում, հանրությունը կարող է հետեւել Հիմնադրամի կայք եւ ֆեյսբուքյան էջերի, ինչպես նաեւ մեր հաշվետվությունների միջոցով, որոնք ներկայացվում են հնարավոր բոլոր ձեւերով, ներառյալ` հաղորդագրություն, տեսանյութ, լուսանկար, ակնարկ, հաշվետու այց, ֆիզիկական եւ ֆինանսական աուդիտների եզրակացություններ:
Ցանկանում եմ մեկ անգամ եւս հայտարարել, որ վստահություն Հիմնադրամի նկատմամբ եղել է եւ կա, եւ դրա ապացույցն այն շուրջ 5 տասնյակ մեծ ու փոքր ծրագրեր են, որ յուրաքանչյուր տարի միասնական ջանքերով իրականացնում ենք Հայաստանում եւ Արցախում: Վստահության եւ նվիրատուների աճող թվի մասին է վկայում նաեւ օրեր առաջ Տորոնտոյի մեր հայրենակիցների դրամահավաքը, որի արդյունքում հանգանակվել է այդ համայնքի համար ռեկորդային թիվ` մեկ միլիոն ամերիկյան դոլար: Սփյուռքահայ մեր հայրենակիցների հանդեպ երախտագիտությամբ հանդերձ, կարծում եմ մենք նախ եւ առաջ պահանջկոտ պետք է լինենք մեր նկատմամբ:
Մաղթում եմ մեզ հաջող դրամահավաք, եւ թող բարի կամքի տեր մարդիկ համալրեն մեր շարքերը:
Կարդացեք նաև
Արա Վարդանյան
Գործադիր տնօրեն
Նոյեմբերի 16, 2016