Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունն իբրեւ քաղաքական միասնության խարիսխ

Նոյեմբեր 17,2016 16:00

Ի՞նչ նշանակություն ունի քաղաքական միասնության հաստատման գործում Սահմանադրությունը: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Սահմանադրությունը, իրավական փաստաթուղթ լինելուց զատ, նախ եւ առաջ քաղաքական փաստաթուղթ է: Հանրահայտ է, որ յուրաքանչյուր հասարակությունում առկա են բազմաթիվ ու բազմաբնույթ հակասություններ, անգամ սուր, թշնամանքի հասնող հակասություններ, տնտեսական, սոցիալական, անձնական ու հասարակական շահերի բախումներ: Հետեւաբար յուրաքանչյուր հասարակություն կարիք ունի այդ հակասությունները մեղմելու, ամեն տեսակի բախումները կանխելու եւ փոխհամաձայնություն հաստատելու: Հասկանալի է, որ այդ խնդիրը լուծելու լավագույն ճանապարհը քաղաքական միասնության ստեղծումն է: Իսկ քաղաքական միասնությունը նշանակում է բոլոր քաղաքական ու հասարակական ուժերի փոխհամաձայնությամբ հաստատված հասարակական միջավայր, որտեղ գործող սուբյեկտների վարքագիծը կարգավորվում է փոխադարձ վստահությամբ ձեւավորված կանոններով, որոնք առանց բացառությունների պարտադիր են դառնում բոլորի համար: Ընդ որում, այդ կանոնների հիմքում ընկած սկզբունքներն ու գաղափարները պետք է ուղղված լինեն ինչպես անհատների բարեկեցությանն ու ազատ գործունեության ապահովմանը, այնպես էլ ողջ հասարակության առաջընթաց զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Քաղաքական միասնության հաստատման անհրաժեշտությունը որքան հասկանալի ու ցանկալի է, այնքան էլ դժվար հասանելի է, եթե դրա համար չկան բավարար պայմաններ: Եթե գոյություն ունի այնպիսի քաղաքական ուժ, որը մյուս բոլոր այլ ուժերի համեմատ ունի գերակշիռ դիրք եւ թե օբյեկտիվորեն, թե սուբյեկտիվորեն համոզված է, որ իր ուժերն անսպառ են եւ միշտ կարող են հաղթել, ապա այդ դեպքում քաղաքական միասնությունը դառնում է պատրանք, եւ արդյունքում հաստատվում է բռնակալական քաղաքական «միասնություն»: Սակայն ակնհայտ է, որ բացարձակ ուժեղ քաղաքական ուժեր գոյություն չունեն, եւ միշտ հանդես են գալիս նոր ուժեր, որոնք ունակ են հաղթել «բացարձակ» ուժեղներին:

Եվրոպական երկրների (եւ ոչ միայն) պատմական փորձը վկայում է, որ քաղաքական ուժերի բախումները դրսեւորվել են ինտրիգներով, խռովություններով, ապստամբություններով, քաղաքացիական պատերազմներով, հեղաշրջումներով, հեղափոխություններով, որոնք ուղեկցվել են մեծ արյունահեղություններով, եւ, որ ամենակարեւորն է, պարզվել է, որ հաղթանակը եղել է չափազանց անցողիկ, հաղթողը շուտով դարձել է պարտվող: Հետեւաբար այդ դեպքում եւս աստիճանաբար դրսեւորվել է այն պատկերացումը, որ անհրաժեշտ է որոշակի հարցերում փոխհամաձայնության գալ, վարել փոխզիջումային քաղաքականություն, մշտապես ղեկավարվել նույն կանոններով:
Քանի որ հասարակությունը եւ պետությունը մշտապես կարիք ունեն լուծել ինչպես իրենց առջեւ դրված, այնպես էլ անընդհատ առաջացող նորանոր հիմնախնդիրներ, հաղթահարել առկա դժվարությունները, հարթել կնճռոտ հարցերն ու տարբեր կարգի բախումներն ու կոնֆլիկտները, ուստի անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար ընդունելի, որոշակի կանոններ ու կառուցակարգեր, այլ կերպ ասած՝ Սահմանադրություն: Այսինքն՝ Սահմանադրությունն ընդհանուր առմամբ քաղաքական ուժերի միջեւ կնքված համաձայնություն է, մի պայմանագիր, որով սահմանվում են այնպիսի ղեկավարող սկզբունքներ, որոնց միջոցով կարելի է ձեւավորել հասարակական համաձայնություն եւ քաղաքական միասնության հաստատման, հասարակության, անհատի ու պետության միջեւ հարաբերությունների, պետական գործունեության կարգավորման հիմունքները:

Սահմանադրության այսպիսի ըմբռնումը միաժամանակ նշանակում է հենց քաղաքական միասնության հաստատում, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է տվյալ պահին քաղաքական մեծամասնության (իշխանության) եւ քաղաքական փոքրամասնության (ընդդիմության) միջեւ հաստատել որոշակի ներդաշնակություն, փոխլրացում:
Սակայն անհրաժեշտ ներդաշնակությունը չի հաստատվի, եթե միաժամանակ չպահպանվի փոքրամասնության իրավունքների երաշխիքը: Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների միջոցով են որոշվում քաղաքական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը, այնուհետեւ այդ մեծամասնությունը ձեւավորում է կառավարություն: Այսինքն՝ ստացվում է, որ նույն քաղաքական ուժը ղեկավարում է ե՛ւ օրենսդիր իշխանությունը, ե՛ւ գործադիր իշխանությունը՝ անկախ այն բանից, որ Սահմանադրությունը իշխանությունների բաժանման եւ հակակշռման սկզբունքի հրամայականով պահանջում է այդ իշխանությունների միջեւ հաստատել հակակշիռներ եւ զսպումներ: Իսկ քաղաքական փոքրամասնությունը առհասարակ դուրս է մնում իշխանական գործառույթներից, այն կարող է խորհրդարանում զբաղվել միայն դատարկախոսությամբ, որքանով նման համակարգում որեւէ ձեւով չի կարող մասնակցություն ունենալ որոշումների (մասնավորապես՝ օրենքների) ընդունմանը:

Ընդդիմությունը, զրկվելով որոշումների կայացման վրա որեւէ ազդեցություն ունենալուց, զրկվում է նաեւ պատասխանատվություն կրելուց: Եթե այս ամենին ավելացնենք նաեւ, որ մի շարք կարեւորագույն պաշտոններում (դատախազություն, քննչական մարմին, տարբեր հանձնաժողովներ եւ այլն) նշանակումները կատարում է այդ նույն խորհրդարանը, այսինքն՝ միեւնույն քաղաքական ուժը, ապա ակնհայտ է, որ արդյունքում կունենանք տվյալ քաղաքական ուժի գերիշխանություն: Հետեւաբար, կարծում ենք, պարզ է, որ քաղաքական փոքրամասնությունը անհրաժեշտաբար պետք է ունենա իշխանական որոշակի լծակներ՝ ինչպես մեծամասնությանը զսպելու եւ հակակշիռ լինելու առումով, այնպես էլ որոշակի պատասխանատվություն ստանձնելու համար: Եվ այս դեպքում կարող է ապահովվել իսկապես քաղաքական միասնություն եւ ներդաշնակություն:

Այս տեսակետից, կարծում եմ, որոշակի պաշտոններ պետք է հատկացվեն քաղաքական փոքրամասնությանը, օրինակ՝ Ընտրական հանձնաժողովը, Վերահսկիչ պալատը եւ այլն:
Կարող են հակադարձել, թե այդ դեպքում, օրինակ՝ Ընտրական հանձնաժողովը կարող է ընտրության արդյունքները կեղծել հօգուտ ընդդիմության, սակայն դա չի կարող տեղի ունենալ, որովհետեւ իրավապահ մարմինները ստիպված կլինեն գործել օրինականության պահանջներին համապատասխան: Որոշակի պաշտոններ զիջելով ընդդիմությանը՝ իշխանությունը կստանա լրացուցիչ լծակներ պատասխանատվությունը համամասնորեն բաշխելու համար, ինչպես նաեւ կարող է այդ հանգամանքը օգտագործել քարոզչական նպատակներով:

Քաղաքական միասնությունը մեծապես վտանգվում է, երբ իշխող քաղաքական ուժի պաշտոնատար անձինք եւ նրանց մերձակա շրջանակը իրենց գործողությունները չեն սահմանափակում Սահմանադրության պահանջներին համապատասխան եւ փաստորեն դառնում են օրինախախտներ ու մնում անպատիժ: Հատկապես անհասկանալի է, թե ինչու նման չինովնիկները, որպես կանոն, հրաժարական չեն տալիս, առավել եւս, երբ այդ դեպքերին արձագանքում են ԶԼՄ-ները: Նորմալ երկրներում այդպիսի պաշտոնյաները անմիջապես հրաժարական են տալիս, քանի որ նման դեպքերում այդ հանգամանքը անմիջապես ազդում է իշխող քաղաքական ուժի վարկանիշի վրա եւ վտանգում է նրա շանսերը առաջիկա ընտրություններում: Մեզանում դա բացակայում է եւ դառնում է կողմնակի ապացույց, որ ընտրություններում կարեւորը վարչական պաշարներն են: Բնականաբար, այս պարագայում քաղաքական միասնության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ քաղաքական ուժերը գտնվում են անհավասար պայմաններում:

 
ՎԱԼԵՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ»

16.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930