Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մինչեւ 20% դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ մեզ համար մարսելի է»

Նոյեմբեր 17,2016 15:00

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ ընտրվելու դեպքում դոլարն արժեւորելու է: «Առավոտը» ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե դոլարի արժեւորման պարագայում ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը՝ հատկապես, որ 2 տարի առաջ մեր երկրում դոլարի թանկացման հետեւանքով առեւտրային բանկերը սկսեցին գործարարներին վարկերը տրամադրել դոլարով:

Ֆինանսների նախարարի մեկնաբանմամբ՝ դոլարն արժեւորվելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական աճը շատ ավելի առաջանցիկ լինի, քան զարգացած եւ զարգացող այլ երկրներինը. «Սա ընդունված կանոն է, կամ էլ ներդրողների վստահությունը պետք է գա դեպի ԱՄՆ, եւ տնտեսությունը շատ ավելի բարձր լինի, քան դեպի այլ աշխարհագրական տեղեր, ինչը որ տեղի ունեցավ 2012-2013 թթ., երբ հոսքերը Արեւելքից սկսեցին ուղղվել դեպի Արեւմուտք: ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ կհասնի դրան, թե ոչ՝ կյանքը ցույց կտա: Բայց եթե տեսականորեն ենթադրենք, որ դոլարն արժեւորվում է, բնականաբար, դա նաեւ ճնշումներ է առաջացնելու մեր տնտեսության համար, որովհետեւ կնշանակի դրամը վտանգվում է եւ կարող է արժեզրկվել, բայց որպեսզի մենք տեսնենք դրա հետեւանքները, պետք է նայենք, թե շղթայական ինչ կարող է տեղի ունենալ: Ամեն ինչ իրականում կախված է չափից. եթե դոլարն արժեզրկվում է կամ համաշխարհային տնտեսությունում արժեւորվում է հիմնական արժույթների նկատմամբ, ասենք` 5-4 տոկոս եւ նաեւ հայկական դրամի նկատմամբ, մեզ համար դա տանելի է, խնդիր չէ: Տեսականորեն մինչեւ 20 տոկոս դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ ամեն դեպքում մարսելի է մեզ համար, մենք խնդիրներ չենք ունենա»:
Վարդան Արամյանին հարցերն ուղղեցինք Ծաղկաձորում պետական պարտքի թեմայով երկօրյա դասընթացի ժամանակ:

Լրագրողի հարցին՝ հայտարարել եք, որ եկող տարի չեք նախատեսում ո՛չ աշխատավարձերի, ո՛չ էլ թոշակների բարձրացում, սակայն եթե խորհրդարանը վավերացնի 1000 դրամների հայտնի նախագիծը, մի բան էլ աշխատողների աշխատավարձերը 1000 դրամով նվազելու են, արդյոք սա սոցիալական խնդիր չի՞ առաջացնելու, սոցիալական բեռ չէ՞ քաղաքացիների վրա, պարոն Արամյանն ասաց, որ գաղափարախոսությունը, որը դրված է նոր համակարգի մեջ, մի փոքր այլ է՝ ազգ-բանակ գաղափարախոսությունն է, եւ բանակի հետ կապված պատասխանատվությունը բոլորինն է:

Ըստ ֆինանսների նախարարի՝ այսօր ուզած, թե չուզած գտնվում ենք կիսապատերազմական վիճակում, հետեւաբար բոլորի պարտականությունն է, որպեսզի բանակն ունենա հենարան. «Հենարանը ոչ միայն հոգեբանական մոտեցումն է, որ մենք միշտ ասում ենք` բանակը մեզ համար առաջին գերական է, այլ նաեւ ունենա մեխանիզմներ: Մեխանիզմը, որը դրված է այս ամենի հիմքում, ոչ այլ ինչ է, քան մաքուր ապահովագրություն: Ապահովագրությունն էլ իր մեջ ունի տրամաբանություն եւ փիլիսոփայություն, եւ եթե տրամաբանական մի քանի ցուցանիշներ եւ չափանիշներ չես պահպանում, ապահովագրական համակարգը փլուզվում է: Ապահովագրական համակարգի առաջին կարեւոր ցուցանիշը մուտքային մասերի կանխատեսելի լինելն է: Երբ դու ապահովագրում ես ինչ-որ ռիսկ, իսկ ռիսկն այն է, որ Աստված մի արասցե, եթե որեւէ զինծառայող իր պարտականությունները կատարելու ժամանակ կյանքից հեռանա կամ դառնա հաշմանդամ, նշանակում է, որ իր ընտանիքը զրկվում է ապագա եկամուտներից: Հակառակ պարագայում նույն զինծառայողը կերակրում է իր ընտանիքին եւ ապահովում է նրա բարօրությունը: Հետեւապես պետք է լինի ապահովագրական համակարգ, որն առաջիկա տարիներին, իսկ մենք ընտրել ենք 20 տարին, կարողանա կորցրած ապագայի եկամուտները փոխհատուցել»:

Վարդան Արամյանի խոսքով՝ պետությունն ավելի շատ ակնկալում է այլ աղբյուրներից եկամուտներ, բայց այստեղ կա հոգեբանական մոտեցում, այն է՝ որ բանակը նույնպես կարեւոր է բոլորիս համար` անկախ սոցիալական կարգավիճակից եւ գտնվելու վայրից. «Եթե այլ մոտեցումների մասով առաջարկություններ կլինեն, կառավարությունը կքննարկի»:

Այն դիտարկմանն էլ, թե քաղաքացիները նշում են, որ հարցը ոչ թե 1000 դրամն է, այլ վստահության պակասը, եւ մարդիկ պահանջում են, որ բանակի հաշվին հարստացած պաշտոնյաներն ու գեներալները գումարները հետ տան, հետո նոր հասարակությունից պարտադիր 1000 դրամ գանձեն, պարոն Արամյանը պատասխանեց. «Դրա համար մենք երկու մասի բաժանենք խնդիրը: Մեկը, որ պարտադիր պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ արդարությունը վերականգնվի: Այդ մասին նաեւ վարչապետն ու նախագահն են խոսել՝ որ եթե մենք ունենք անվստահության մթնոլորտ, շատ ավելի դժվար է առաջ շարժվելը: Բայց այդ խնդիրները ծանրաբեռնել նոր համակարգի վրա, որը մենք կարծում ենք՝ կենսունակ է իր գաղափարախոսության մասով, ճիշտ չէ: Ես կարծում եմ՝ դրական է այդ համակարգի գաղափարախոսությունը: Չի կարելի. եթե յուրաքանչյուր լավ նախագծված համակարգ ծանրաբեռնեք ձեր ասած խնդիրներով, մենք երբեք առաջ չենք շարժվելու»:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

16.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930