Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա կզանգեմ իմ ԱՊՊԱ-ին»

Նոյեմբեր 17,2016 14:30

Ապահովագրական ընկերությունների հայցերի քանակը աճել է

Ապահովագրական ընկերություններն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրեր են տրամադրել վարորդներին: Կնքվել է պայմանագիր: Տեղի է ունեցել ավտոտրանսպորտային պատահար, որի ժամանակ բախվել են իքս-մեքենաները:

Ապահովագրական ընկերությունները դիմելով դատարան, որպես կանոն, իբրեւ իրավական հիմք՝ իրենց պահանջը ձեւակերպում են շաբլոն դարձած հիմնավորմամբ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատահարը տեղի է ունեցել 19.12.2014թ.-ին, ժամը 13:25-ի սահմաններում, սակայն պատահարի մասին ապահովագրողը ծանուցվել է 19.12.2014թ.-ին, ժամը 14:40-ին, պատահարից ավելի քան 1 ժամ 10 րոպե անց, դրանով իսկ պատասխանողների կողմից խախտվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրի իքս-կետը, ինչպես նաեւ վկայագրի անբաժանելի մասը կազմող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները»:

Թող չնեղվի հանկարծ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերությունը, սակայն մեկ ամսվա ընթացքում, հինգ տարբեր դատարաններում նրանց պահանջ ձեւակերպումները եղել են այսպիսի հիմնավորումներով, մասնավորապես, պատահարից հետո իրենց զանգելու ժամն էլ, որպես կանոն, լինում է 1 ժամ 3 րոպեից մինչեւ 1 ժամ 10-ը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 28-ին, դատավոր Նորա Կարապետյանի նախագահությամբ, կշարունակվի մեկ այլ ապահովագրական՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲ ընկերության հայցի քննությունը:
Հակոբ Խրիմյանի գործով ապահովագրական ընկերությունն այս տարվա օգոստոսի 4-ին արգելանքի միջնորդություն էր արել, դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ արգելանք էր դրել վարորդի դրամական միջոցների վրա: Հոկտեմբերին փոխվել էր արգելանքի որոշումը:

Ընկերությունը վարորդից պահանջում է 611 000 դրամ, քանի որ պատահարից 1 ժամ 3 րոպե հետո է զանգել ընկերությանը:

«Ապահովագրական ընկերությունների հետ կապված նախադեպային որոշումը «Նաիրի ինշուրանսի» հայցով է ձեւավորվել»,-ասում է Հ. Խրիմյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Ըստ նրա էլ, ապահովագրական մեծ ընկերությունները հակված չեն պայքարելու ուշ զանգելու պատճառով վճարված գումարը պայմանագրի կողմից հետ ստանալու գործողություններին:

Փաստաբանի գնահատմամբ, այդպիսի գործողությունները վտանգում են ապահովագրական ընկերության հուսալի լինելու իմիջը, նրա վարկանիշը. «Ցանկացած մարդուց, որից կգանձեն վճարված գումարը, առաջին իսկ քայլը, որը կանի նա, այն է, որ կգնա ապահովագրական ընկերություն, կասի՝ շնորհակալություն, այլեւս ձեր ընկերությունում չեմ ապահովագրվի: Բոլոր ապահովագրական ընկերությունները՝ «Ռոսգոսստրախ-Արմենիան», «Նաիրի ինշուրանսը», «Ինգո Արմենիան» ունեն այդ միտումները՝ ուշ ես զանգահարել, անհապաղ չես զանգել, ուրեմն գումարը հետ ենք պահանջում»:

Ա. Մկրտչյանի դիտարկմամբ, ունենք իրավակիրառման լուրջ խնդիր, քանի որ դատարանները գործը քննում են ձեւական նորմերի կիրառմամբ եւ ոչ թե բուն հայցի էության շրջանակներում:

«Տեսեք ինչ վիճակ է: Եթե ապահովագրական ընկերությունը վնասը հատուցում է, մեկ էլ երեք տարի հետո հիշում է, որ չէ, 1 ժամ 3 րոպե հետո են զանգել իրենց, ինքը գումարը պահանջելու իրավունք ունի, պահանջում է:

Այսօր դատարանում Հակոբ Խրիմյանի գործով ունեմ պարտավորություն ապացուցելու, որ իմ վստահորդն այն պահին, երբ իր մեքենայի կեսը ջարդուփշուր էր եղել, մյուս բախվող մեքենայի վարորդն էլ դուրս էր եկել մեքենայից եւ ասել, թե ես կզանգեմ, մեղավորը ես եմ, կզանգեմ իմ ԱՊՊԱ-ին, այն պահին, երբ քննություն էր անցկացնում ոստիկանության աշխատակիցը, հորդորում է՝ մի զանգիր, վստահորդս զանգել է առաջին իսկ հնարավորության դեպքում»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Հ. Խրիմյանի ներկայացուցիչը:

«Սա օրենքի բացն է, սա այն վիճակն է, որը թույլ է տալիս մեծերին մանրանալ: Միլիոնավոր շրջանառություն ունեցող ընկերությունն իր անմիջական պարտականությունը բարեխղճորեն կատարելուց հետո հանձնարարություն է տալիս իրավաբանից գանձել գումարը, թող ներվի արտահայտությանս համար՝ «խուրդվել», մի ժամի համար: Սրանից վատ հակագովազդ չի կարող լինել նման ընկերության համար»,-հավելում է վարորդի շահերի ներկայացուցիչը:

Ի վերջո, ապահովագրությունը ստեղծված է նրա համար, որ քաղաքացին չմտածի երրորդ անձանց հետ գանձվելու, դատվելու մասին:
Իսկ ստեղծվել է մի վիճակ, երբ քաղաքացին այսօր պետք է մտածի ոչ թե երրորդ անձանց հետ չդատվելու, այլ նաեւ իրեն ապահովագրող ընկերության հետ խնդիր չունենալու մասին:

Զրուցակիցս ասում է. «Սա աննորմալ մոտեցում է: Ոչ թե ապահովագրական ընկերությունները, այլ օրենսդիր մարմինն անելիք ունի: Ի վերջո, երրորդ անձանց վնասը 3 րոպե ես ուշացրել, անհապաղ ես տեղեկացրել, թե 1 ժամվա մեջ, պետք է հատուցվի: Այլապես, եկեք ապահովագրությունը չհամարենք պարտադիր: Այդ դեպքում, մարդիկ բանկերում իրենց հաշիվն ունենան, վճարեն գումարը, որը նման դեպքերում կարողանան վերցնել»:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

16.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930