Նրան սիրում են ոչ միայն իր հայրենիքում՝ Նորվեգիայում, այլեւ Հայաստանում, ում ծննդյան օրը մեծ շուքով նշում են մեզ մոտ։ Այն այս տարի եւս բացառություն չէր: Նախ, «Ֆրիտյոֆ Նանսենի» թանգարանի նախաձեռնությամբ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում բացվեց ցուցահանդես: Թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի խոսքով՝ նպատակներից մեկը Նանսենյան անձնագրերով 20-րդ դարասկզբին ցեղասպանությունից մազապուրծ շուրջ 320 հազար հայերի փրկած գործչի՝ Նանսենի հայանպաստ գործունեությունը մայրաքաղաքի հյուրերին եւ զբոսաշրջիկներին ներկայացնելն էր:
Իսկ օրեր առաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական երեկո՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն իր խոսքում նշեց, որ Նանսենի նման անհատականությունը, լինելով մեծ ճանապարհորդ, գիտնական, բեւեռախույզ, զբաղվել է մարդասիրական գործունեությամբ, ցեղասպանությունից հետո եկել է Հայաստան, օգնության ձեռք մեկնել եւ դարձել հայ ժողովրդի մեծ բարեկամներից մեկը: Եվ մեր տուրքը պետք է լինի նրա ստեղծածը, մտքերը, գաղափարները, նրա այս կերպարը մեր ժողովրդին, հետագա սերունդներին հասանելի եւ փոխանցելի դարձնելը:
Իսկապես, Նանսենն այն բացառիկ մարդասեր-գործիչն է, ով Մեծ եղեռնից հետո ձգտեց թեթեւացնել հազարավոր հայ փախստականների հոգսն ու ցավը։ Եվ Նանսենի մահից հետո հնչեց այս թեւավոր ճշմարտությունը` «Նորվեգիան մեծացրեց ու խնամեց նրան, իսկ աշխարհը կորցրեց»:
Կարդացեք նաև
ԵՊՀ-ի ռեկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արամ Սիմոնյանն ասաց, որ Նանսենի կենսագրությունը, մարդասիրական գործունեությունը մի մեծ եւ ուսանելի դաս է բոլորիս համար: Նրա նմանները, ովքեր իրենց հանձնառու են համարում համայն մարդկության ճակատագրի հանդեպ ու իրենց շնորհը ներդնում են մարդասիրության մեջ, պարզապես արժանի են մեծ տիտղոսը կրելու:
Խոսքի վերջում ավելացրեց. «Նանսենի օգնության համար հայ ժողովուրդը մշտապես ապրելու է պարտքի այս հուզիչ, բայց եւ հաճելի բեռը սրտում»:
Նրա խոսքը յուրովի շարունակեց ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, նշելով, որ, իհարկե, շատ է խոսվել, կխոսվի Նանսենի մարդասիրական գործունեության, Հայաստան կատարած այցի, օգնության ու վերաբերմունքի մասին: Ծանոթանալով Նանսենի կենսագրությանը, տեսնում ենք, որ այդ ամենը նախապատրաստվել է նրա ողջ կյանքի ընթացքում՝ գալ դեպի մարդասիրություն, դեպի աշխարհի զրկվածների իրավունքների պաշտպանությանը: «Հասկանալով՝ պատերազմների ժամանակ ինչ է կատարվում ժողովուրդների, հատկապես հայերի հետ, նա, ի վերջո, եկավ այն համոզման, որ հայ ժողովրդին ամեն գնով պիտի պաշտպան կանգնի»,-եզրափակեց բանախոսը:
Այնուհետեւ հրապարակվեց «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, հրապարակախոս, սցենարիստ Ռիտա Շառոյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի Արմենուհի Սեյրանյանին, դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Մանասյանին պարգեւատրելու մասին։
Հոբելյանական երեկոն շարունակվեց երաժշտական կատարումներով:
«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն ընդգծեց, որ մենք պարտավոր ենք գնահատել Նանսենի արածները եւ հավատարիմ լինել նրա ավանդույթներին։
ՔՐԻՍՏԻՆԵ ՆԱՆՅԱՆ
Ապագա լրագրող
Լուսանկարները՝
Էդուարդ Տեր-Սահակյանի
«Առավոտ»
16.11.2016