Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Կոսեմյան. «Ես ինձ աշխարհաքաղաքացի եմ զգում»

Նոյեմբեր 17,2016 13:30

Նոյեմբերի 30-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կկայանա կանադաբնակ ջութակահար Ռուբեն Կոսեմյանի համերգը: Իսկ մինչ այդ ճանաչված երաժիշտը սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Ինչո՞վ է առանձնահատուկ երեւանյան համերգը, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք հայաստանցի ունկնդրից:

– Սիրելի ունկնդրին խնդրում եմ, որ տեսագրություն եւ ձայնագրություն չկատարի համերգի ընթացքում եւ հնարավորության դեպքում չհազա, քանի որ դա ճնշում է կատարողներին: Մնացածը կախված է մեզանից…

– Դուք ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի որդին եք, Ձեզ պարտավորեցնո՞ւմ է Կոսեմյան ազգանունը:

– Որքան շատ ժամանակ է անցնում, այդքան ավելի եմ համոզվում, որ իմ հայրն առանձնահատուկ երաժիշտ եւ մանկավարժ է: Իր ձայնագրությունները Հայաստանի ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում են, աշակերտներն էլ մեծ հաջողությունների են հասել: Հայրս է ինձ սովորեցրել կատարողական արվեստի սկզբունքները, որոնց անդրադառնում եմ մինչեւ այսօր:

– Դուք սովորել եք եւ հանդես եք եկել հնչեղ անունների հետ, որեւէ տպավորիչ դրվագ կհիշե՞ք:

– Հետաքրքիր դրվագներ շատ կան, օրինակ, մի անգամ դիրիժոր Նուրհան Արմանը (Կանադա) անսպասելի զանգահարեց ինձ եւ խնդրեց փրկել գալիք համերգը՝ փոխարինելով հիվանդ մենակատարին: Ծրագրում Վիվալդիի «Տարվա եղանակներն» էր: Ես այդ ժամանակ Մոնրեալում էի, ընդ որում՝ մինչեւ համերգն ընդամենը 3 օր էր մնում: Համաձայնեցի, չնայած երբեք չէի նվագել այդ ստեղծագործությունը: Բարեբախտաբար, համերգը փայլուն անցավ, բոլորը գոհ էին: Թերթում էլ գրեցին, որ ելույթ է ունեցել «brilliant violinist in russian tradition»:

– Հատկապես ո՞ր կոմպոզիտորների ո՞ր ստեղծագործություններն եք համարում ձեր այցեքարտը եւ ինչո՞ւ:

– Իմ համոզմամբ, ամեն գործ պետք է հասցնել լավագույն կատարողական վիճակին: Ունկնդրին շատ է դուր եկել Բրուխի «Շոտլանդական ֆանտազիան»՝ իմ կատարմամբ: Կարծում եմ, որ Բրամսի, Սիբելիուսի եւ Ջութակի 22 այլ կոնցերտներ նույնպես մտնում են այդ ցանկի մեջ: Կցանկանայի Երեւանում նվագել դրանցից որեւէ մեկը:

– Խնդրում եմ մի փոքր խոսեք կայացած համերգներից…

– Մալայզիայում մեկ տարի առաջ նվագել եմ Չայկովսկու Ջութակի կոնցերտը, այնուհետեւ Թայվանի գրեթե բոլոր գլխավոր քաղաքներում կայացել են իմ մենահամերգները: Մեքսիկայում էլ եմ նվագել Չայկովսկու Ջութակի կոնցերտը եւ ձայնագրել Սեն-Սանսի «Ինտրոդուկցիա եւ ռոնդո-կապրիչիոզո»-ն՝ նվագախմբի հետ, որը տեղ գտավ Կանադայում թողարկված նոր ձայնասկավառակում: Այդ ձայնասկավառակում տեղ գտավ նաեւ համերգից ձայնագրված Սարասատեի «Գնչուական մեղեդիները», որը Օտտավայում կատարել էի նվագախմբի ընկերակցությամբ: Իմիջիայլոց, Սարասատեն միակ նյութը չէր, որ նվագել եմ այդ համերգին: Կատարեցի նաեւ Բրուխի Սոլ մինոր ջութակի կոնցերտը: Իմ եւ Նատալյա Մնացականյանի համար ուրախալի էր ելույթի հրավեր ստանալ հատկապես Տորոնտոյում գտնվող հայտնի Koerner Hall-ում: Ծրագրում ընդգրկեցի Արամ Խաչատրյանի «Այշայի պարը»՝ Հեյֆեցի փոխադրությամբ: Ուզում եմ թվարկել նաեւ Տորոնտոյում կայացած այլ համերգները՝ Պրոկոֆեւի թիվ 2 ջութակի կոնցերտը, Վիվալդիի «Տարվա եղանակներն» ամբողջությամբ՝ Glenn Gould Studio-ի դահլիճում: Բազմաթիվ համերգներ եմ ունեցել ԱՄՆ-ում՝ ամերիկացի դաշնակահար Ալիսոն Չերոֆի հետ՝ ծրագրում ընդգրկելով նաեւ Բաղդասարյանի «Ռապսոդիան»: Մոնրեալում Նատալյա Մնացականյանի հետ ելույթ եմ ունեցել բազմաթիվ բեմերում, մենահամերգներով հանդես եկել Կանադայի տարբեր նահանգներում:

– Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:

– Ձայնագրում եմ Պագանինիի «24 կապրիսը»՝ իտալական ձայնասկավառակի համար, նաեւ Բրամսի բոլոր 3 սոնատները՝ ջութակի եւ դաշնամուրի համար: Վերջինիս ձայնասկավառակը լույս կտեսնի ԱՄՆ-ում: Հոլանդիայում էլ ձայնասկավառակ լույս կտեսնի, որը կընդգրկի Կարեն եւ Արամ Խաչատրյանների երաժշտությունը՝ ջութակի եւ դաշնամուրի համար:

– Կարծեմ՝ 2010-ից հաստատվել եք Կանադայում, արդյոք երաժիշտները աշխարհաքաղաքացինե՞ր են, քանի որ երաժշտությունը համամարդկային լեզու է, թե ամեն դեպքում եւ ծագումը էական է, եւ կարիերայի վրա կարող է անդրադառնալ:

– Ուրիշ շատ երաժիշտների նման ես էլ ինձ աշխարհաքաղաքացի եմ զգում, քանի որ երաժշտությունը համամարդկային շփման միջոց է:

– Արդյոք նշանակություն ունի՞, թե ջութակահարն ինչ ջութակ է նվագում:

– Բնականաբար: Իմիջիայլոց, վերջին երեք տարիներին ինձ բախտ է վիճակվել նվագել լավագույն ջութակների վրա՝ թե Կանադայում, թե այլ երկրներում…

– Իսկ կոնկրետ Հայաստանի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

– Կուզենայի ավելի հաճախ ելույթ ունենալ Հայաստանում՝ նվագախմբի հետ:

 
Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

16.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930