Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացառիկ գիրք-ալբոմ՝ սեփական արխիվի հաշվին

Նոյեմբեր 17,2016 13:00

Հրատարակվել է Սերգեյ Առաքելյանի՝
կոմեդիայի թատրոնին վերաբերող «ավարը»

Բախտավորություն է, երբ հեղինակին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել մի թատրոնի պատմություն, որի հիմնադրման ականատեսն է: Ասվածը վերաբերում է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին, որի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 17-րդ աշխատությունը նվիրված է Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Ե. Ղազանչյան, տնօրեն՝ Կ. Շահբազյան) հիմնադրման 75-ամյակին: Այս առիթով նոյեմբերի 18-ին կկայանա հոբելյանական երեկո եւ Ս. Առաքելյանի գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է բարերար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:
Մասնագիտական շրջանակներին է հայտնի միայն, որ թատրոնի հիմնադրման օրվանից Սերգեյ Առաքելյանը ոչ միայն այդ մշակութային օջախում է, այլեւ բազում կերպարներ է խաղացել, այդ թվում՝ Կուրտիս (Շեքսպիրի «12-րդ գիշեր»), Մանկովիչ (Նուշիչի «Տիկին մինիստրուհին», Ամիլախվարի (Ջոջուա՝ «Ծղնեթցի Մայան»), Ադվոկատ (Չարենցի «Կապկազ թամաշա») եւ այլն: Ասում են՝ Տաթեւիկ Սազանդարյանը, Գոհար Գասպարյանը, Շարա Տալյանը հիացել են նրա բարիտոնով, օրինակ, Մոկրոուսովի «Որտեղ է այդ տունը, որտեղ է այդ փողոցը» օպերետում Պյոտրի կերպարում:

Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում արվեստաբանը հիշեց. «Նորաստեղծ թատրոնի հետ կապվեցի Շարա Տալյանի շնորհիվ: Նա հաճախ էր լինում պիոներպալատում, Դանիել Ղազարյանի եւ Կարո Զաքարյանի ղեկավարությամբ գործող մանկական երգչախմբի փորձերին, որի անդամն էի ես: Կարճ ասած՝ եկա ու մնացի թատրոնում: Իսկ այս գիրքը, ճիշտն ասած՝ նախորդների մի մասը նույնպես, կազմված է իմ անձնական արխիվի նյութերից»:

sergey_araqelyan-2

Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցինք՝ ասում են մեծ արխիվ ունեցողները, իսկ մենք գիտենք, որ դուք ունեք արխիվային հսկայական նյութեր Շերամի, Գոհար Գասպարյանի, Օֆելյա Համբարձումյանի, Սվետլանա Գրիգորյանի, Կարպ Խաչվանքյանի, Հովհաննես Չեքիջյանի, Երվանդ Ղազանչյանի, Գալյա Նովենցի եւ մեր մշակույթի մյուս մեծերի վերաբերյալ, անպայման ինչ-որ մասունքներ «յուրացնում» են: Համակարծիք լինելով դիտարկմանը, պարոն Առաքելյանը շնորհակալություն հայտնեց, որ չօգտագործեցինք «գողանալ» բառը, հետո ասաց. «Կոնկրետ կոմեդիայի թատրոնի հետ կապված՝ առաջին «ավարս» 1942թ. բեմադրված Չուխաջյանի «Կարինե» օպերետի համերգային կատարման ազդագիրն է, որը ես պոկեցի Ֆլորայի այգու ձմեռային թատրոնի պատից: Ավելի ուշ ես այդ մասին խոստովանեցի Շարա Տալյանին…»:

Անդրադառնալով հայ իրականության մեջ երաժշտական կոմեդիայի ժանրի ակունքներին, մեր զրուցակիցը հայտնեց, որ 19-րդ դարի երկրորդ կեսին Չուխաջյանի, թատերական գործիչներ Հ. Վարդովյանի, ապա Արիստակեսյանի ղեկավարությամբ 1860-70-ականներին Կոստանդնուպոլսում սկսում են գործել երաժշտական թատերական կոլեկտիվներ, որոնց խաղացանկը հիմնականում բաղկացած էր եվրոպական օպերետներից:

1867թ. Չուխաջյանը ստեղծում է «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» («Կարինե») օպերետը, որն անմիջապես լայն ճանաչում է գտնում… Խորհրդային տարիներին Դոնի Ռոստովում ստեղծվում է հայ առաջին պրոֆեսիոնալ օպերետային թատրոնը (1922թ.), խմբի կազմում են եղել հետագայում Երեւանի օպերետի թատրոնի աստղերը՝ Իզաբելա եւ Հայկ Դանզասները, Աննա Ղումաշյանը, Նվարդ Ալիխանյանը, Ելենա Վանշիրը, բոլորին չես թվարկի: Իսկ այդ թատերախումբը գործել է մինչեւ 1936թ.: Ընդ որում, այդ թատրոնի կոնցերտմայստերն էր հետագայում նշանավոր կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը: «Երկար կարելի է ներկայացնել թատրոնի հիմնադիրներին, երախտավորներին, անվանիներին: Այս մասին ընթերցողը կծանոթանա գրքից:

Միայն նշեմ, որ Շարա Տալյանի նախաձեռնությամբ 1923-26թթ. Գյումրիում ստեղծվում է երաժշտական թատրոն: Ունենալով թատրոն ստեղծելու մեծ փորձ ու տաղանդ, Շարա Տալյանը 1940թ. դիմում է Հայաստանի կառավարությանը՝ Երեւանում օպերետային թատրոն հիմնելու առաջարկով: Դա միայն գործի սկիզբն էր, որին հետեւում է նամակագրական կապը այդ ժանրի ճանաչված վարպետների հետ: Շարա Տալյանի եւ Արտեմի Այվազյանի հրավերով թատրոնում աշխատելու նպատակով Թբիլիսիից Երեւան են հրավիրվում օպերետի ժանրի իրական աստղերը… եւ 1941թ. փետրվարին որոշում է ընդունվում մայրաքաղաքում հիմնադրել պետական օպերետային թատրոն եւ այդ գործը ժամանակավորապես հետ է մղվում Հայրենական մեծ պատերազմի պատճառով: Ու միայն 1942թ. իրականացվում է կառավարության որոշումը»,- հայտնեց արվեստաբանը: Նա խնդրեց հոդվածում զերծ մնալ անուն-ազգանուններ հրապարակելուց, իր ձեւակերպմամբ՝ «ախր կոմեդիայի թատրոնը բոլոր ժամանակներում աստղաշատ է եղել, հանկարծ մեկնումեկի անունը չսպրդի…»: Հիշեցրեց, որ թատրոնի բոլոր տարիների դերասանների, ռեժիսորների, դիրիժորների, բալետմայստերների, նկարիչների եւ մյուս մասնագետների մասին նյութերը լուսանկարներով տեղ են գտել գրքում:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930