Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային չպետք է վախեցնել` երբ հայրդ տուն գա, դու կտեսնես, թե ինչ կանի քեզ

Նոյեմբեր 17,2016 12:30

«Ուրիշի կարծիքից կախվածությունը հոգեբանական բարդույթ է եւ նեւրոտիզացիայի տանող ճանապարհ»,- նշեց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը, որը համարում է, որ պատճառները, իհարկե, ծնողական դաստիարակության ձեւերն են, երբ երեխային մեծացնում են վախի, ամոթի, մեղքի զգացողության մթնոլորտում. «Երբ երեխային չեն տալիս բավարար ազատություն, երեւույթները տարբեր տեսանկյուններից ընկալելու, վերլուծելու հնարավորություն»:

Մասնագետի խոսքերով՝ հիմնականում այս երեւույթը ձեւավորվում է լսող-երեխա կերպարի մոտ, երբ վաղ մանկությունից երեխայի հետ հարաբերությունները կառուցվում են այնպես, որ երեխայի մոտ առաջացնում են մեղքի, ամոթի, վախի զգացումներ. «Օրինակ՝ մշտապես վախեցնում են, որ կխայտառակվենք, եթե փողոցում լաց լինես կամ ինչ կմտածեն քո մասին, որ դու լավ չսովորես, ես հիվանդացա քո պահվածքի պատճառով, երբ հայրդ տուն գա, դու կտեսնես, թե ինչ կանի քեզ»:

Երեխայի հետ հարաբերությունների ժամանակ, ըստ հոգեբանի, երբեք փորձ չի արվում նրան հասկանալ եւ կարեւորել, կառուցվում են այնպիսի ձեւեր, երբ կարեւոր են բոլորը, բացի երեխայից, նրա սեփական ցանկություններից, հետաքրքրություններից:
«Ուրիշի կարծիքով միայն առաջնորդվելը, իհարկե, անձին դեգրադացիայի ենթարկող ճանապարհ է, անձի զարգացմումը խեղաթյուրող ուղի, որը առաջացնում է բազմաթիվ հոգեբանական խնդիրներ: Դրանից ձերբազատման բազմաթիվ միջոցներ գոյություն ունեն, խնդիրը նրանումն է, թե արդյոք անձը գիտակցո՞ւմ է այն ու փորձում գտնել իր «Ես»-ը, իր պահանջները: Այստեղ կարեւորությունը հարաբերակցության ձեւն է իր եւ շրջապատի միջեւ»,- նշեց մասնագետը:

hogeban8-2

Նրա կարծիքով, կարեւորագույն կետերից մեկն այն է, որ մանրակրկիտ վերլուծվում է վախը, անձը փորձում է աշխատել դրա հետ, խնդիրը կոնկրետացնում է. «Օրինակ, երբ իրեն դիմում են որեւէ խնդրանքով, ինքը չցանկանա անել այն, որովհետեւ ժամանակ չունի եւ շատ գործեր կմնան անավարտ, վախենում է մերժել, քանի որ մտավախություն ունի, որ իր մասին վատ կարծիք կձեւավորվի, իր հետ ընկերություն չեն անի, չեն սիրի եւ այլն: Եվ փորձում է հասկանալ՝ գուցե մերժելու տոնը եւ ձեւը ճիշտ ընտրել եւ փորձել կիրառել, վստահ լինի, որ իր շուրջը կան մարդիկ, որոնք իրեն, միեւնույն է, սիրում են, մերժելը պատճառ չի լավ հարաբերությունների համար, որ իրեն մենակ թողնեն, վստահ լինի, որ իրեն էր այն պետք եւ ինչը ինքը հասցրեց անել, ավելի կարեւոր էր»:

Հոգեբանը խորհուրդ է տալիս, որ պետք է բարձրացնել ինքնագնահատականը, հաճույք ստանալ կարողության զգացումից: Օրվա ընթացքում պատասխանել այն հարցերին, թե ի՞նչ եմ ես ուզում, հասնել նպատակին, զգալ, որ այս աշխարհում այն քոնն է, որը միակն է եւ անկրկնելին, ինչպիսին որ դու ես. «Կարեւոր է, երբ խրախուսական եւ պարգեւատրման ձեւեր ես ընտրում ինքդ քեզ համար: Իհարկե, կան դեպքեր, երբ անձի սեփական պահանջներն այնքան անտեսված են եւ հուզական այնպիսի տագնապային, անելանելի եւ անզոր վիճակում է, որ միայն հոգեթերապեւտիկ միջամտությամբ կարող է անձը հաղթահարել սեփական «Ես»-ի կառուցման ուղին»:

Հասարակության մեջ, ըստ հոգեբանի, կարկառուն են եւ մնայուն այն անձինք, ովքեր միշտ նորն են արարել, ովքեր կարողացել են սեփականը կերտել եւ հաստատել՝ դեմ գնալով հանրույթին, ինչը կարող ենք տեսնել նաեւ մեր պատմամշակութային էջերում. «Մարդը, որը վստահ է, համարձակ, իրեն սիրող, պայքարող եւ յուրատիպությունը կերտող՝ հաջողության հասնելու ամենակարեւորագույն տարրերից է»:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

16.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել