Երիտասարդության համաշխարհային եւ ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը այսօր Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մարզադահլիճում ֆուտզալի ընկերական հանդիպում էր կազմակերպել պաշտոնյաների եւ ուսանողական կառույցների ներկայացուցիչների միջեւ:
Պաշտոնյաների թիմը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը եւ ուրիշներ, 4:1 հաշվով հաղթեցին ուսանողական կառույցների ներկայացուցիչներին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խաղի ընդմիջմանը ասաց. «Սպորտն ինքնին մրցակցություն է: Բայց մենք այսօր այստեղ եկել ենք ոչ այնքան հաղթելու, որքան առողջ ապրելակերպը քարոզելու համար: Բայց անձամբ ես, երբ մտնում եմ խաղադաշտ, խաղը որքան էլ ընկերական լինի, որքան էլ ոչ մրցակցային ու ընկերական լինի, մոռանում եմ այդ ամենը եւ փորձում եմ արդար մրցակցության մեջ հասնել հաջողության: Կարծում եմ, որ այսօր ԱԺ պատգամավորները եւ պաշտոնյաները չեն հիասթափեցնի մեր հասարակությանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ