Այսօր Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը Երեւանի հեծանվահրապարակում հանդիպեց Հեծանվային մարզաձեւերի համաշխարհային ֆեդերացիայի արտաքին կապերի ծառայության ղեկավար տիկին Պասկալ Շունսին:
Հյուրը շրջեց հեծանվահրապարակում, ծանոթացավ առկա պայմաններին ու խնդիրներին, որից հետո սկսվեցին նրա եւ ֆեդերացիայի նախագահի բանակցությունները: Արման Սահակյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում մեր հեծանվորդները սկսել են լուրջ հաջողություններ արձանագրել միջազգային մեկնարկներում եւ ֆեդերացիան հնարավոր ամեն բան անում է մարզաձեւն էլ ավելի տարածելու եւ զարգացնելու համար: Հյուրին առաջարկվեցին համագործակցության տարբեր ուղղություններ եւ ձեւաչափեր:
Մասնավորապես, մեր հեծանվահրապարակը միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող երկրորդ կարգի մարզակառույց է, որտեղ Հայաստանը կարող է եւ ցանկանում է միջազգային մրցաշարեր կազմակերպել: Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է լուծել էլեկտրոնային սարքավորումների հարցը փոխադարձաբար շահավետ պայմաններով: Երկրորդը մարզիկների եւ մարզիչների վերաորակավորման եւ վերապատրաստման հարցն է, որոնց լուծմանը տիկին Պասկալը խոստացավ փորձել աջակցել: Բանակցության ընթացքում արծարծվեցին նաեւ հնարավոր համագործակցության բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարելու հարցերով հյուրը նշեց ճանապարհները, տվեց օգտակար խորհուրդներ:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Արման Սահակյանին, Պասկալ Շունցին եւ ֆեդերացիայի ղեկավարությանը միացան սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը եւ նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: Նրանք ներկա եղան երիտասարդության եւ ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթվա ամփոփմանը եւ պարգեւատրության արարողությանը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի տարածման նպատակով այս անդրանիկ նախաձեռնության մասին լրագրողներին ասաց. «Որպես առաջին լինելու նախաձեռնություն, մեր բոլոր սպասելիքներն արդարացան: Բայց աշխատանքներ դեռ ունենք կատարելու, այն ավելի մասսայական դարձնելու եւ կազմակերպական առումներով: Առհասարակ, նոր կառավարության ծրագրում էապես կարեւորվում է մասսայական սպորտի տարածումը եւ զարգացումը մեր հանրության ամենատարբեր շերտերում: Ավելին՝ ապրելակերպ դարձնելու: Այդպես մենք կլինենք առողջ, ուժեղ: Եվ ոչ միայն քաղաքացիական կյանքում, այլեւ՝ բանակում, որտեղ պահանջվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեւոր առողջություն: Այս ծրագիրը շարունակվելու է: Բայց այն միակը չի լինելու: Իրականացվելու են առողջ ապրելակերպի նոր ու բազմազան այլ ծրագրեր՝ կապված նաեւ ձմեռային մարզաձեւերի հետ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ