Լրահոս
Օրվա լրահոսը

Դատում են գյումրեցի ունեւորների տները թալանելու մեջ մեղադրվողներին

Նոյեմբեր 16,2016 23:23

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադեւոսյանի նախագահությամբ լսելու էր գյումրեցի քիչ, թե շատ ունեւոր մարդկանց տները թալանելու բազմադրվագ քրեական գործը։ Ամբաստանյալներից Գոռ Ջանոյանն ու նրա կինը՝ Ջեմմա Ասատրյանը, ինչպես նաեւ Սարգիս Հարությունյանը մեղադրվում են Երեւանի բնակիչներ Հայկ Համբարձումյանին ու Նազարեթ Հալաջյանին այսպես ասած ուղղորդելու, ունեւորների տները ցույց տալու մեջ։

Գյումրեցիները ցույց են տվել իրենց համաքաղաքացիների բնակարանների տեղը, իսկ Երեւանի բնակիչները, ապօրինի կերպով ներխուժելով բնակարաններ, թանկարժեք զարդեր ու խոշոր գումար են գողացել։ Նրանցից նախկինում դատված եղել է միայն երեւանի բնակիչ Հայկ Համբարձումյանը։ Այս գործով տուժողները բավական շատ են, թեեւ նրանք այսօր չէին ներկայացել դատարան, հետեւաբար եւ փաստաբանները միջնորդեցին հետաձգել նիստը։

Գործը բազմադրվագ է, մեղադրական եզրակացության մեջ, մասնավորապես ընթերցում ենք․«Գոռ Ջանոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արամ Արտուշի Շահբազյանին պատկանող Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 18-րդ շենքի 12-րդ բնակարանից առանձնապես խոշոր չափերով գույք իր եւ Սարգիս Հարությունյանի օժանդակությամբ գաղտնի հափշտակելու վերաբերյալ ընկերների՝ Գյումրի քաղաքի բնակիչ՝ Սարգիս Թաթոսի Հարությունյանի, Երեւան քաղաքի բնակիչներ՝ Հայկ Վահագնի Համբարձումյանի եւ Նազարեթ Սյունիկի Հալաջյանի հետ նախնական համաձայնությամբ, իր խորհուրդներով, իր եւ Սարգիս Հարությունյանի կողմից նախապես ընտրված բնակարանի վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրելով, դրա գտնվելու վայրը ցույց տալով, հանցագործության կատարման ընթացքում օժանդակել է Հայկ Համբարձումյանին ու Նազարեթ Հալաջյանին, ովքեր 2015 թվականի հուլիսի 13-ին, ժամը 14:30-ից մինչեւ 19:15-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են Արամ Շահբազյանին պատկանող Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոց 18 շենքի 12 բնակարանի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան եւ գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 9.639.036 ընդհանուր արժողության ոսկյա զարդեր եւ 95.436 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար կանխիկ գումար»։

Ըստ մեղադրական եզրակացության, 2015 թվականին օգոստոսին նույն ձեւով փորձել են Աշոտ Մուսիկյանի՝ Շիրակացի փողոցում բնակարանից գողանալ ոսկյա զարդեր, սակայն Մուսիկյանն ու նրա որդին հանկարծակի տուն են վերադարձել, ու նրանք, ոչինչ չհափշտակելով, դիմել են փախուստի։
Ի տարբերություն այս դեպքի, ըստ մեղադրանքի, նրանց հաջողվել է բացել Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում բնակվող Արթուր Հրաչի Մանուկյանի բնակարանի դուռը, ապօրինի ներս մտնել ու ննջասենյակից գողանալ առանձնապես խոշոր չափերի՝ 10.560.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության՝ 3.360.000 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար եւ 7.200.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդեր:

Տուժողներից մեկն էլ Ախուրյանի գյուղի Նոր Ախուրյանի թաղամասի բնակիչ Վահան Մխիթարյանն է, որի բնակարանի փականը կոտրելով՝ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին, օրը ցերեկով՝ ժամը 13-ի սահմաններում, գողացել են առանձնապես խոշոր չափերի` 4.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր, 9.000 ՀՀ դրամ կանխիկ գումար եւ 965.52 ՀՀ դրամին համարժեք 2 ԱՄՆ դոլար կանխիկ գումար:

Ըստ մեղադրական երգակցության, Ջեմմա Ասատրյանը այս խմբին օժանդակել է հափշտակելու իր համակուրսեցու՝ Ալլա Մանուկյանի բնակարանը, որտեղից գողացել են 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, բիժուտերիա, 1.182.700 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։

Նշենք, որ տուժողների մեջ կան թե՛ բժիշկներ, թե՛ հայտնի առեւտրականներ, բիրժայում ոսկու առեւտրող զբաղվող անձինք։ Իսկ ամբաստանյալ Գոռ Ջանոյանը Գյումրու «Շիրակ» հյուրանոցի հետնամասում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տիրոջ որդին է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930