Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարքինգ Սիթի Սերվիսը» 170 միլիոնի վնաս է կրել. Ընկերության պարտքերը պետությունը կփակի

Նոյեմբեր 16,2016 20:40

Արդեն հստակ է, թե ինչ պայմաններով է «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը դառնալու համայնքային սեփականություն: Այսօր լրագրողների  հետ հանդիպման ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը մանրամասներ է ներկայացրել:

Մասնավորապես Նիկոյանը վստահեցրել է, որ «Փարքինգ Սիթի Սերվիս»-ը ծանրաբեռնված է ներդրված ակտիվներով, ակտիվների ձեռք բերման համար փոխառու միջոցներով, ուստի Երեւանի քաղաքապետարանը համաձայնվել է որպես նվիրատվություն ձեռք բերել ընկերությունը, բայց պայմանով՝ «Ձեռքբերման պահին ընկերության ակտիվները կլինեն ավել կամ հավասար ընկերության պարտավորություններին»: Բացի այս, քաղաքապետարանը պարտավորվում է մարել ընկերության վարկերը:

Հիշեցնենք, որ այս մասնավոր «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության կառավարման ձեւը փոխելու, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ ազգայնացնելու, պետականացնելու հանձնարարությունը տվել էր ՀՀ նախագահը:

Դեռ անցյալ տարի «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը վստահեցրել էր, որ ընկերությունը վնասներով է աշխատում, քանի որ տուրքերից հավաքագրվող գումարներից իրենց հատկացվող մասնաբաժինը քիչ է, ընկերությունը վաճառքի է հանվել եւ այլն:

Ձեռքբերելով ընկերության 100% բաժնեմասը, հիշեցնենք, որպես նվիրատվություն, Երեւանի քաղաքապետարանը պարտավորվելու է մարել ընկերության վարկերը:

Asravot.am-ը Վազգեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե որքան է կազմում ընկերության վարկային պարտավորությունները, ինչպես նաեւ մենք խնդրեցինք մեզ տրամադրել ընկերության ֆինանսական հաշվետվությունները:

Պարոն Հարությունյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Ֆինանսական թվերն այս պահին չկան, չենք կարող այս պահին հստակ բան ասել, բայց ընկերության պարտավորությունները կազմում են հիմնարկների կողմից ներգրավված փոխառու միջոցները, ինչպես նաեւ ընկերությունը վարկային պարտավորություններ ունի: Վարկային միջոցների մասին չեմ բարձրաձայնի, հստակ ինֆորմացիա չունեմ ձեռքիս տակ»:

Պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են միայն հարկային մարմիններին: Ըստ ընկերության տնօրենի, միջազգային կազմակերպությունը աուդիտ է անցկացնելու, որից հետո կհստակեցվի ընկերության պարտքերը, ակտիվները, սակայն այդ հաշվետվությունն էլ տրամադրվելու է Երեւանի քաղաքապետարանին, իսկ լրատվամիջոցների համար այն փակ է:

Մեր հարցին՝ որքան վնաս է կրել ընկերությունը, պարոն Հարությունյանը պատասխանեց. «2016 թիվը դեռ չի ավարտվել, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել ընկերությունը շահույթ ունեցե՞լ է, թե կուտակվող վնասները շարունակվել են, բայց 2015 թվի ավարտին ընկերությունը  170 միլիոն դրամի վնաս է ունեցել»:

Այսինքն, այս գործարքը  շահավե՞տ է վնասով աշխատող  «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության համար, ի վերջո վարկային պարտավորություններն էլ պետությունը վերցնում է իր վրա, մինչդեռ ասում են՝ պետությունը  բիզնես է խլում գործարարից, մեր այս դիտարկմանն ի պատասխան պարոն Հարությունյանն ասաց. «Փաստացի, քանի որ դա քաղաքական որոշում էր, որ հիմնադիրը փոխվի՝ դառնա պետությունը, այդ հարցը չեմ մեկնաբանի, ու տենց էլ լինելու է»:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից ընկերության վարկային պարտավորությունների ստանձմանն, ընկերության տնօրենն ասաց. «Այո, պարտավորությունը վերցնում է իր վրա, մարվելու է, մենք էլ սպասում ենք, որ պարտավորությունները մարվեն, ներգրավված փոխառու միջոցներն էլ վերադարձվեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930