ՀՀ բնակչության 65 տոկոսը կարծում է, որ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Վրաստանում այս առումով իրավիճակը ևս նախանձելի չէ, այնտեղ էլ իշխանություններից դժգոհ քաղաքացիների թիվն աճել է: Վ. Հոկտանյանի փոխանցմամբ`Ադրբեջանն այս հարցով փայլուն արդյունք է ցույց տվել, սակայն հարցվածների 60 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին։
«Մեդիա կենտրոնում» «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2016 թ. տարածաշրջանային արդյունքները» թեմայով հրավիրված քննարկմանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ ՀՀ-ն արդեն չորրորդ անգամ է ընդգրկվում այս հարցման մեջ:
ՀՀ-ում հարցմանը մասնակցել է 1527 հոգի, իսկ ողջ աշխարհում` 58 հազար անձ: Ըստ պարոն Հոկտանյանի` անհանգստացնող է այն, որ այժմ մարդիկ վախենում են խոսել կոռուպցիայի մասին:
Վերլուծելով այն հարցի պատասխանները, թե որքանով են հարուստները տվյալ երկրում որոշումներ կայացնելու հարցում դերակատարություն ունենում, պարոն Հոկտանյանը նշեց, որ ՀՀ-ում հարցվածների 66 տոկոսը համոզված է, որ հարուստ մարդիկ են որոշումներ կայացնողները:
Կարդացեք նաև
Նման ցուցանիշ է գրանցվել նաև ԵՄ-ի բարեկեցիկ երկրներում` 65 տոկոս, մինչդեռ ԱՊՀ-ում այդ ցուցանիշը 46 տոկոս է կազմում:
Պարոն Հոկտանյանը հայտարարեց նաև իրեն ու իրենց բեռլինյան քարտուղարությանը ցնցած ցուցանիշը. «Երբ դիտարկում են կոռուպցիայի դեմ պայքարում մարդկանց ներգրավվածության ցանկությունը, ինչպես 2013-ին, այժմ էլ հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների 63 տոկոսը գտնում է, որ քաղաքացու ներգրավումից ոչինչ չի փոխվի»: Նշենք, որ ԱՊՀ երկրներում սա ամենաբարձր ցուցանիշն է:
Պարոն Հոկտանյանը մտահոգիչ է համարում այն, որ հարցվածների 41 տոկոսը չի բարձրաձայնում կոռուպցիայի մասին`վախենալով հետեւանքներից։
Հարցման արդյունքներով` ամենակոռումպացվածը պետական պաշտոնյաներն են՝ 47 տոկոս, ՀՀ նախագահի աշխատակազմը` 44 տոկոս, հարկային մարմինների աշխատակիցները` 43 տոկոս:
ՀՀ-ում հարցմանը մասնակցած անձանց 24 տոկոսը խոստովանել է, որ կաշառք է տվել։ Պարոն Հոկտանյանի բնորոշմամբ` «ստուկաչի» հոգեբանությունն» առավել տարածված է մեր հասարակությունում, քանի որ հարցվածների 77 տոկոսը կարծում է, որ կաշառքի վերաբերյալ բարձրաձայնելը խորթ է մեր հասարակությանը:
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ