«Ես չէի ուզի, որ ազգ-բանակի ընկալումը հասարակության մեջ վերածվեր դրամահավաքի կազմակերպման խողովակի»,- երեքշաբթի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ վճարելու նախագծին, ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ եթե նախագիծը հիմա չներկայացներ, ապա դա պետք է աներ մեկ տարի անց, սակայն ըստ նրա դա արդեն շատ ուշ էր. «Որեւէ մեկ անգամ առաջնագծում կանգնած զինվորը կամ նրա ընտանիքը չի ուզում անգամ ամենաահավոր երազում պատկերացնել, որ կարող է այս օրենքի շահառուն լինել: Այսինքն՝ այս օրենքի շահառուների պոտենցիալ ինքնագնահատողների թիվը 0-ին է մոտ, որովհետեւ որեւէ մեկը չի ուզում ենթադրել, որ ինքը իր ծառայության արդյունքում ունենալու է հաշմանդամության, առավել եւս՝ զոհվելու խնդիր: Ես շատ լավ հասկանում էի, որ այս օրենքը տանելով մտնում եմ յուրաքանչյուր քաղաքացու գրպան, հետեւաբար՝ ես սրա մեջ դիվիդենտ ակնհայտորեն չեմ փնտրում»:
Վիգեն Սարգսյանը հավելեց, որ հարկատեսակի կարեւոր մասն այն է, որ գումարը միասնական է բոլորի համար. «Սրանով մենք ցույց ենք տալիս, որ անկախ նրանից՝ հարուստ ենք, թե չքավոր, կարող ենք, թե անկարող, արհեստավարժ ենք, թե բանվորական աշխատանք կատարող, մենք յուրաքանչյուրս՝ որպես քաղաքացի, ունենք հավասար պարտավորություն այն ընտանիքների համար, որոնք պաշտպանության գործում զոհաբերել են ամենաթանկը»:
Վիգեն Սարգսյանը ասաց, որ հնարավոր էր դա անել բյուջետային այլ միջոցների հաշվին, սակայն դա արդյունավետ չէր լինի. «Այն ծախսը, որի մասին մենք խոսում ենք, ենթադրում է 20 տարվա առաջընթաց հաշվարկ, այսինքն՝ երբ որ մենք վերցնում ենք այդ պարտավորությունը 20 տարի ավելացնելով, յուրաքանչյուր տարի այդ տարվա դեպքերը ավելացնելով գնում ենք առաջ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Սա վառ օրինակ է, թե շտապողականությունը ինչպես կարող է ամենալավ գաղափարը դարձնել անընդունելի: Այս օրենքը դառնալու է կառավարության համար մեծ գլխացավանք, որովհետև առաջացնելու է խորը հակասություն նույն կարգավիճակում հայտնված զինծառայողների և ընտանիքի անդամների միջև: Անընդունելի է և ծիծաղելի ցանկացած մեկնաբանություն ֆինանսական բեռի հավասարաչափ բաշխման կապակցությամբ: