Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների մասին, որն ինքն էր հեղինակել: Նախագծով առաջարկվում է, որ անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցները, ի տարբերություն բեռնատարների, հասարակական տրանսպորտային միջոցների, պարտադիր տեխնիկական զննության չենթարկվեն:
Պատգամավորն ասաց, որ մեր վարորդները, չանցնելով տեխզննում, ընդամենը թղթի համար գումար են վճարում: Նա հարցրեց, թե կառավարությունն ինչ դիրքորոշում ունի այս հարցի հետ կապված, որովհետեւ մեկ տարի առաջ խոստացել էր միջազգային փորձը հաշվի առնել եւ լուծում գտնել հարցին:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ տեխզննման կտրոնների հետ կապված նոր համակարգ են մշակում, կտրոնները կվերանան եւ էլեկտրոնային տարբերակով կլինի. «Ինչ վերաբերում է տեխզննում անցնելուն, համակարգը թույլ կտա, որ առանց փաստացի տեխնիկական զննության, այդ մեքենան չի գրանցվի էլեկտրոնային համակարգում»:
Հատուկ սարքերով վերահսկելու են, թե որ մեքենան է տեխզննում անցել, որը՝ ոչ:
Կարդացեք նաև
Հովհաննես Մարգարյանը Վրաստանի փորձն ասաց, որ հաշվի առնելով, որ տեխզննում իրականում չէին անցնում, հանեցին այն անձնական օգտագործման մարդատար մեքենաների համար, որովհետեւ յուրաքանչյուր վարորդ ինքը շահագրգռված է, որ իր մեքենան սարքին լինի:
Նախարարն ասաց, որ իր դիրքորոշումն այլ է՝ բոլոր մեքենաները պետք է ենթարկվեն տեխզննման, ուստի նոր համակարգը ներդնելու նախագիծը շուտով պատրաստ կլինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ