«Յուրաքանչյուր ինքնասպանության դեպք շատ լուրջ շատ ծանր խնդիր է բանակի համար»,- երեքշաբթի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ նման դեպքերը շատ խորը ուսումնասիրության առարկա են եւ հանգամանքները առանցքային են. «Հասկանալու եւ գնահատելու համար մենք պետք է համադրենք բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները բանակից դուրս տեղի ունեցող ինքնասպանությունների հետ: Թվաքանակային վերլուծությունը ցույց է տալիս, որ նույն տարիքային խմբում տղամարդկանց թվից բանակից դուրս գրեթե 3.8 անգամ ավելի են ինքնասպանությունները, քան նույն կատեգորիայի մոտ զինված ուժերում»:
Վիգեն Սարգսյանը հավելեց, որ եթե ինքնասպանությունը կապված է հոգեկան վիճակի հետ, ապա պետք է հասկանալ, թե որտեղ է բանակի ռազմաբժշկական փորձաքննությունը թերացել եւ չի նկատել խնդիրը, որտեղ է հրամանատարը թերացել. «Իմ թեզը եւ ցանկությունն է, որ ոչ թե բանակը լինի հասարակության հայելին, այլ հասարակության դպրոցն ու դարբնոցը: Մենք ստանում ենք 18 տարեկան քաղաքացի, հաճախ թերի միջնակարգ կրթությամբ, հազվագյուտ՝ բարձրագույն կրթությամբ, հետեւաբար՝ մենք ունենք խնդիր՝ ինչպիսի քաղաքացի ենք ուզում, որ զորացրվի բանակից 2 տարի ծառայելուց հետո: Կարծում եմ՝ չափանիշները շատ հստակ են՝ նա պետք է լինի շատ ավելի առողջ, շատ ավելի կրթված, շատ ավելի հայրենասեր, շատ ավելի կրթված, հասարակության մեջ իր տեղն ու հնարավորություններ պատկերացնող, ամրացած անձ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ