Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախարար. Չեմ հավատում ձեռք բռնելու եւ ձեռք կտրելու արդյունավետությանը՝ որպես կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհ

Նոյեմբեր 16,2016 18:40

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեքշաբթի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաեւ զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարին:

«Առաջին գայթակղությունը ձեռքից բռնելն է եւ ձեռք կտրելն է: Ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ ո՛չ առաջինի, ո՛չ երկրորդի նկատմամբ որեւէ զսպվածություն կամ կաշկանդվածություն կամ վերապահում չունեմ: Եվ այն, եւ այն  շատ գործուն կարեւոր միջոցներ են, որոնք վստահ եղեք չենք երկմտելու կիրառելուց, որովհետեւ իրականում յուրաքանչյուր դեպքը մեզ համար՝ որպես համակարգ, մեր անվտանգության ամենամեծ եւ ամենավնասակար խնդիրն է: Հետեւաբար՝ այն ինչ-որ տեսնում եք մամուլում, այն ինչ կտեսնեք շատ ուղիղ կապ ունի իմ այս համոզվածության եւ վճռականության հետ:

Բայց այդ ասած լինելով հանդերձ որպես կառավարման մասնագետ ես չեմ հավատում ձեռք բռնելու եւ ձեռք կտրելու արդյունավետությանը՝ որպես կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհ: Դա կարող է լինել աչք վախեցնելու, զսպվածություն ապահովելու, կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու կամ կոռուպցիան ավելի խորամանկ դարձնելու եւ թաքցնելու միտում: Միգուցե դա բերի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը եւ կոռուպցիոն եկամուտների իջեցմանը: Ես խորը համոզմունք ունեմ, որ կոռուպցիան քաղցկեղ է, հետեւաբար՝ նվազեցնելով կոռուպցիան՝ չես վերացնում, ընդամենը կրճատում ես նոր օջախներ, նոր մետաստազներ տալու հեռանկարով»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը համարում է, որ  կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, երբ ստեղծվում են համակարգեր, որոնք բացառում են գայթակղությունը. «Ոչ թե դու ստեղծում ես գայթակղությունը, հետո փորձում ես յուրաքանչյուր մարդուն իր ազնվության, իր պարկեշտության կամ իր գիտելիքի կամ կարողության վրա: Բայց երբ ստեղծում ես համակարգ, երբ փոխադարձ վերահսկողությունը այնքան խորքային է, որ կոռուպցիոն ռիսկերն ավտոմատ չեզոքացված են դառնում: Իհարկե՛, զրոյին հասցնել կարծում եմ՝ աշխարհում որեւէ տեղ չի հաջողվել, բայց բերել դա այն մակարդակի, որ  լինի ակնհայտ բացառություն ոչ թե օրինաչափություն, պարտադիր պայման է»:

Պաշտպանության նախարարը ընդգծեց, որ խնդրի կարեւոր լուծումներից մեկն է նաեւ պետական բոլոր համակարգերի փոխադարձ վերահսկողությունը. «Ես իմ գործընկերներին ասել եմ, որ միայն շնորհակալ լինեմ, որ պետական համակարգի յուրաքանչյուր օղակ մատնանշի այն կետերը, որտեղ տեսնում են կոռուպցիոն ռիսկեր պաշտպանության նախարարությունում: Կարվեն այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են այն զինծառայողների նկատմամբ, որոնք այդ օրենսդրությունը  փորձում են խախտել եւ կապահովվի այն ընթացակարգերը, որոնք թույլ կտան վերլուծել պատճառները եւ քաղաքականություն, որը բացառելու է դա ապագայում: Եթե արդյունքում համարելու են, որ ես թույլ պաշտպանության նախարար եմ, որովհետեւ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը, կամ դատախազությունը, քննչական կոմիտեն կարողացել է պաշտպանության նախարարության համակարգում քննություն անցկացնել կամ գործողություն իրականացնել, ես պատրաստ եմ այդ գինը վճարել, թո՛ղ ես լինեմ այդ թույլ պաշտպանության նախարարը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930