Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավարտվել է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Նոյեմբեր 16,2016 17:55

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի բոլոր հանգամանքները:

2016թ. մարտի 28-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգողը գրավոր հաղորդում էր ներկայացրել առ այն, որ նշված ՀԿ-ի փորձագետ Կարեն Արշակի Վարդանյանը 2016թ. մարտի 17-ին իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8-րդ շենքի 32-րդ բնակարանից դուրս է եկել՝ 1 շաբաթով արտասահման գործուղման մեկնելու նպատակով, սակայն մինչ օրս չի վերադարձել:

Անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կ.Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ և պարզել, որ Կ.Վարդանյանը դարձել է հանցագործության զոհ։ Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ. Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում։ Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ. Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ.Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա .Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարել է Գ. Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մարտի 17-ին երեքով, Ա.Միհրանյանի վարած «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով, Գ.Զոհրաբյանը և Կ.Վարդանյանն ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի Հանրապետություն ուղեկցելու պատրվակով՝ նման կերպ գաղտնի առևանգելով վերջինիս:

Հասնելով Սևանի Աղթամար թերակղզու մոտ՝ քարով բազմաթիվ հարվածներ են հասցրել ավտոմեքենայի հետևի նստատեղին գտնվող Կ.Վարդանյանի գլխին։ Տեսնելով նրա անշնչացած մարմինը և հասկանալով, որ արդեն մահացել է՝ Կ.Վարդանյանին թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, նույն ավտոմեքենայով վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Գ.Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։

Քննությամբ պարզվել է նաև, որ Կարեն Վարդանյանի դիակը ավտոտնակում թաղելուց առաջ նշված երկու անձինք զննել են նրա հագուստները և հափշտակել հայտնաբերված 40.000 ՀՀ դրամը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Միհրանյանին և Գ.Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերի և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930