ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանի ելույթը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Այս օրենքի նախագիծը այն բացառիկ նախագծերից է, որ շատ կուզենայինք, որ չունենար ոչ մի շահառու, և հիմնադրամները ստեղծվեին միմիայն խաղաղ նպատակով և խաղաղ արդյունքներ գրանցելու դեպքում մրցանակներ տալու համար:
Կուզեի խոսքս ուղղել նրան, որ այս հիմնադրամի ստեղծման նախադրյալը, պատմությունը, սկիզբը, կարծես ոչ թե դրվում է հիմա, այլ արդեն իսկ եղել է ինքնաբուխ, և դա եղել է ապրիլյան պատերազմի օրերին, երբ յուրաքանչյուր հայ, դա լիներ Հայաստանի ներսում թե Հայաստանից դուրս, իր հնարավոր առավելագույն ներդրումը փորձեց անել և՛ իր խղճի հանգստության, և՛ այն պարզ գաղափարի համար, որ բանակը յուրաքանչյուրիս երեխան է, մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի անդամը: Սա հայի գենի հետ եկած հայի ուժի և հայի հաղթանակների գրավականն է:
Պարզապես հիմա մենք մի փոքր փորձում ենք ձևակերպում տալ այդ ամբողջ ներուժի դրսևորմանը, և փորձում ենք այս նախագծով համակարգել, որպեսզի այդ պոռթկումը ծառայի ճիշտ իր նպատակին, դրա ճանապարհին չլինեն կորուստներ, լինեն ճիշտ նպատակային թիրախներին ուղղված ծրագրեր, որոնք որևէ այլ ծրագրի ուղղված չլինեն:
Կարդացեք նաև
Օրենքի նախագծում հստակ նշված է, որ այս օրինագիծը ծառայելու է զուտ այն նպատակին, ինչը դրված է հիմնադրամի հիմքում, և որևէ այլ ծրագրեր չեն ֆինանսավորվելու սրա շրջանակում: Շատ կարևոր է, որ մենք այս նախագծով ևս մեկ անգամ մեր հանրության և հասարակության վստահությունն ուղղենք ընդհանրապես այն բոլոր գործընթացներին, ինչ որ իրականացնում են իշխանությունները, իսկ դրա արդեն քայլերը և օրինակները մենք ունենք, և իշխանությունը պարզ երկխոսության ծրագիր է առաջարկում ցանկացած նոր գաղափարի շուրջ, դա լինի սահմանադրական բարեփոխումներ, թե ընտրական օրենսգիրք, և այդ երկխոսության մեջ բոլոր ձևաչափերը ընդունելի են քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, պետական կառույցների, շահագրգիռ բոլոր անդամների, որն էլ համոզված եմ, որ սպասվում է այս նախագծից հետո, և քննարկումները պետք է գնան հենց այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք մենք ինքներս մեզ համոզել, որ սա այն նախագիծն է, որտեղ վստահությունը պիտի լինի գագաթնակետում, և որտեղ ոչ թե մենք ձեզ հետ միասին պետք է մտածենք վստահության մասին, որովհետև համոզված եմ, որ ցանկացած հայ այդ հազար դրամը նվիրաբերելով, որը թվում է թե փոքրիկ գումար է, բայց իր մեջ մեծ գաղափարախոսություն ունի, պետք է, այնուամենայնիվ, վստահ լինի, որ այդ գումարը ծախսվեց նպատակին, և այդ վստահության երաշխիքներն արդեն որոշ առումով ամրագրված են նախագծում, բայց դրանց մեխանիզմներն արդեն քննարկման արդյունքում ավելի կպարզվեն:
Դրանց վստահության կարևոր երաշխիքներից մեկը հենց վեբ կայքի ստեղծումն է, մի կայք, որտեղ յուրաքանչյուր հայ աշխարհի տարբեր ծայրերից կարող է հետևել իր ներդրումներին և տեսնել, թե ուր հասավ իր գումարի շարժը: Կարևորագույն վստահության երաշխիք է նաև ամրագրված հոգաբարձուների խորհրդի կազմը, որը ընտրված է երեքական ներկայացուցիչներից տարբեր շահագրգիռ և տարբեր հետաքրքրություններ ներկայացնող շերտերից, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը պարտադիր է այս հոգաբարձուների խորհրդի կազմում, ինչպես նաև նշեց պարոն Սարգսյանը՝ Ազգային ժողովից էլ կարող են լինել մասնակիցներ, այդ թվում նաև՝ ընդդիմադիր ներկայացուցիչներ:
Սրանք բոլորը գալիս են ասելու, որ հիմնադրամի կառավարումը պետք է լինի պարզ, թափանցիկ և հաշվետվողական: Պարզ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար դա հասանելի և տեսանելի լինի, որովհետև մի բան է, երբ մարդը ինքն է տեսնում, ինքն է հասկանում այդ մեխանիզմներից, և մի բան է, երբ ավելի պրոֆեսիոնալ մասնագետ պետք է փորձի գլուխ հանել, և այդ պարզության սկզբունքը դրված է նախագծում, որը շատ կարևոր եմ համարում: Մյուս կարևորագույն սկզբունքը թափանցիկության մասն է: Այոˊ, թափանցիկությունը նաև հաշվետվողականության կարևորագույն հենք է, և եթե ստեղծվի մեխանիզմ, որտեղ ժամանակ առ ժամանակ այդ հաշվետվությունը ներկայացվի հանրությանը, սա նաև մեկ անգամ ևս կբարձրացնի այս հիմնադրամի հեղինակությունը:
Սակայն մեր նպատակը ոչ թե հիմնադրամի հեղինակությունը բարձրացնելն է, այլ մեկ անգամ ևս մեր ժողովրդի վստահության վրա հենված մեր իշխանությունների, մեր բոլորի կողմից նախաձեռնած ցանկացած ծրագրի հեղինակությունը, և սա առաջին հերթին մտահոգում է մեզ, հետևաբար ամեն ինչ է արվելու է որպեսզի որևէ կասկած, որևէ թյուրահավատություն և որևէ անվստահության նշույլ չմնա որևէ մեկի մոտ, որովհետև իրականում սա բոլորիս է պետք:
Այս նախագիծը ունի նաև շատ կարևոր հնարավորություն, որը լրացուցիչ ֆինանսավորում է ապահովելու: Եթե մինչ այս տարերային ձևով յուրաքանչյուր հայ մարդ ցանկանում էր իր ներդրումը կատարել բանակաշինության գործում զինվորին, նրա ընտանիքին, ապա այսօր արդեն այդ փոքրիկ ներդրումների կողքին արդեն համոզված եմ և վստահ, որ լինելու են նաև մեծ ներդրումներ, որոնք կապահովեն այն անհավասար պայմանը, որ այս պահին թվում է, թե քիչ աշխատավարձ ստացողները պիտի վճարեն հազար դրամ, շատ աշխատավարձ ստացողները՝ հազար դրամ:
Ես կարծում եմ, որ ընդհակառակը, սա մի քայլ է, որով մենք պիտի խթանենք շատ աշխատավարձ ստացողներին և ընդհանրապես այն մարդկանց, ովքեր կարող են և ի վիճակի են իրենց առավելագույն ներդրումն անել բանակին, որի օրինակները, իհարկե, բազմիցս ունենք:
Ուզում եմ հավաստիացնել, որ այն երկխոսությունները, որոնք պետք է կազմակերպվեն նախագծի առաջին ընթերցումից հետո, կլինեն շատ լայնածավալ, որոնց պատրաստ ենք մասնակցելու մենք բոլորս, որովհետև այս երկխոսությունների ընթացքում մենք ձեռք ենք բերում հետադարձ կապով նաև ոչ միայն առաջարկներ՝ ուղղված կոնկրետ այս նախագծին, այլև առաջարկներ՝ ուղղված տարբեր ոլորտների բարելավմանը՝ այդ թվում բանակաշինության ընդհանուր գործընթացի բարելավմանը, որը մեզ համար շատ կարևոր է, և սա մեր ուշադրության կենտրոնում է:
Մենք ուժեղ ենք մեր հավաքական ուժով, այդ ուժը արդեն ցույց տվեցինք բոլորին, դրա առհավատչյան էր ապրիլյան պատերազմին մեր միասնությունը, և այդ ուժը այսօր մենք ամրագրելու և խմբագրելու ենք և վերաձևակերպելու ենք այս օրենքի նախագծով: