Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016 թվականի ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակը թեմայով ուսումնասիրություն է կատարել: Նոյեմբերի 16-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները:
«Քաղաքացիները գտնվում են պետության հսկողության ներքո՝ հանձինս զինծառայողների եւ պետությունը պարտականություն ունի այդ մարդկանց կյանքի անվտանգության համար եւ այդ մարդկանց հարազատներին իրազեկելու, թե ինչ հանգամանքներում են այդ մարդիկ մահացել: Այսինքն՝ ինչքանով է պետությունը կատարել իր պարտականությունը, սա է ամբողջ իմաստը»,- ասաց նա:
Արթուր Սաքունցը նշեց, որ տարբեր աղբյուրներում մահացած զինծառայողների տվյալների միջեւ կա տարբերություն. «Եթե մենք վերցնում ենք Կենտրոնական զինվորական դատախազության տվյալներից, ապա 1 հոգի զոհվել է ապրիլի 1-ին, ապրիլի 1-5-ը ընդհանուր մահացածների թիվը 82 է, որից հակառակորդի կողմից սպանվածների թիվը կազմում է 78, ապրիլի 6-30-ը՝ 29, հակառակորդի կողմից սպանվածների թիվը՝ 12: Ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում 90 զոհվածներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկանք հրապարակեց ապրիլի 13-ին, որտեղ որ նշում էր՝ ապրիլի 1-5-ը 89 հոգի էր մահացել, պատերազմական գործողությունների հետեւանքով՝ 78: Հարցում կատարեցինք պաշտպանության նախարարություն, պատասխան ստացանք, որ ապրիլի 1-5-ը 70 հոգի է մահացել, 17 հոգի՝ ապրիլի 5-ից մինչեւ 30-ը ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ՝ 87: Այսինքն՝ զինվորական դատախազության եւ պաշտպանության նախարարության թվերի միջեւ կա ակնհայտ տարբերություն: Մեր ուսումնասիրությունների հիման վրա պատկերը հետեւյալն է, որ ապրիլի 1-5-ը՝ 78, ապրիլի 6-30՝ 16, զոհվածների ընդհանուր թիվը՝ 94»:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցն ասաց, որ պատրաստվում են դիմել պաշտպանության նախարարություն եւ արդեն դիմել են Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հանձնաժողով, որ պատերազմական գործողությունների հետեւանքով մահացած զինվորների զոհվելու հանգամանքների վերաբերյալ լսումներ անցկացվեն:
Պատասխան են ստացել, որ մի քանի փակ լսումներ անցկացվել են եւ դա բավարար է. «Մենք չենք գտնում, որ այդտեղ կա ռազմական կամ ծառայողական գաղտնիքի հետ կապված հարց: Սա վերաբերում է մարդկանց կյանքերին եւ դրանց ապահովման նկատառումներին, ընդհակառակը՝ դա անվտանգության մարտահրավեր է: Մենք պահանջներ ունենք պաշտպանության նախարարությանը, եթե չի անցկացրել ծառայողական քննություն, ծառայողական քննություն անցկացնել եւ դրա եզրակացությանը ծանոթացնել հարազատներին: Պահանջներ ունենք նաեւ զինվորական դատախազությանը վառելիքի բացակայության, տեխնիկական միջոցների ոչ պատշաճ վիճակի դեպքերով կոնկրետ քրեական գործ հարուցել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ