Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում ասաց, որ գալիս է Եռաբլուրից, այսօր ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20-ամյակն է: Նա նայել է Աբաջյանի ծնողների աչքերին ու հասկացել է, որ այս 1000 դրամների նախագիծը ճիշտ է. «Մենք միանշանակ ճիշտ ենք, որովհետեւ եթե ինչ-որ պահի չեն ունեցել մի զինատեսակ, չի նշանակում, որ վաղը չպետք է ձեռք բերենք այն, եթե մենք ժամանակին չենք ունեցել խրամատ, չի նշանակում, որ մենք չպետք է փորենք նորը»:
Նա ասաց, որ Եռաբլուրից եկել է ամրացած՝ իր համոզմունքների մեջ, վստահ է, որ այս նախագիծը այս տեսքով բերելը ճիշտ է եւ կոչ արեց, որ անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում նախագծին, իրենց մեջ ուժ գտնեն եւ ասածին հակառակ կողմ քվեարկեն պատգամավորները, խնդրեց, որ եթե դեմ պետք է քվեարկեն, գոնե չքվեարկեն. «Այս օրերին, որպես ՊՆ նախարարի, ինձ անհանգստացրեց այն առատությունը եւ շռայլությունը, որով ցեխ էին շպրտում սպայակազմի եւ գեներալիտետի վրա: Հավատացեք, նրանք ցեխի պակաս չեն զգում: Բայց դա այլ ցեխ է: Եթե կա մեկը, որ արատավոր էլ է, մեր պարտքն է հայտնաբերել, բացառել ապագայում, բռնել ձեռքը, կտրել եւ պատժել: Բայց եկեք չմոռանանք, որ կան ցեխի մեջ թաթախված զինվորականներ երբեմնի եւ քաղաքացիականներ: Եթե այդ տրամաբանությամբ լիներ, ես պետք է մտածեի՝ ԱԺ մի՞շտ է, որ ես պետք է գամ, թե՞ պետք է մեկին ուղարկեմ իմ փոխարեն, որովհետեւ այստեղ էլ կան մարդիկ, որոնք խորը թաթախված են, եկեք հասկանանք, թե ում վրա ինչ ցեխ ենք շպրտում»:
Նա կոչ արեց, որ անվստահության որդը չպետք է երբեւէ ուտի մեր՝ առաջ գնալու կարողությունը եւ քայքայի մեր օրգանիզմը: Ինչ վերաբերում է հնչած առաջարկներին, որ բարձր աշխատավարձ ստացողից պետք է շատ գանձել՝ նախարարն ասաց, որ «այս տուրքը պետք է հավասար լինի՝ հարուստ, թե աղքատ, որովհետեւ այդ մարդկանց նկատմամբ մենք բոլորս հավասար ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ