Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԶԵԲ ղեկավարը Հայաստանը գովեց, որ ամերիկյան հանքարդյունաբերողներն այստեղ բիզնես սկսեն (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2016 17:12

«Մեզ հնարավորություն տվեք, մենք հանքի շահագործումը դեռ նոր ենք սկսում եւ մենք հրապարակել ենք բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատականը, որը հսկայածավալ աշխատանք է եւ ուզում ենք ցույց տալ, որ հնարավոր է այն անել»,-դիմելով բնապահպաններին՝ ասաց Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեյշընլ» ընկերության գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսը:

Այսօր «Ժամանակակից հանքարդյունաբերությունը Հայաստանում» խորագրով բիզնես-համաժողով էր կազմակերպվել, որին ներկա էին հանքարդյունաբերության ոլորտի հայաստանյան եւ ամերիկյան ընկերություններ:

Բնապահպանների` պարբերաբար հնչող այն մտահոգություններին, թե Հայաստանի ընդերքն օգտագործվում է անխնա եւ անպատասխանատու կերպով, հանքօգտագործողները պատասխանեցին, որ այսպիսի բիզնես-ֆորումները հենց նրա համար են, որպեսզի ներկայացվեն հանքարդյունահանման նորագույն մեթոդները, որոնք հնարավորինս նվազագույնի են հասցնում բնությանը եւ շրջակա միջավայրին վնասներ հասցնելու ռիսկը:

Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է՝ բնապահպանները բողոքի ձայն են բարձրացնում` ընդդեմ Ամուլսարի շահագործման: Ըստ նրանց, ծրագիրն իրագործվելու դեպքում, արտանետվելու են թունավոր նյութեր, որոնք ազդելու են տարածքի այգիների բերք ու բարիքի բաղադրության վրա, այդ վայրերի բուսատեսակներն ու կենդանատեսակները կանգնելու են ոչնչացման եզրին, որոնցից մի քանիսը նույնիսկ «Կարմիր գրքում» են գրանցված: Հանքի շահագործումը սպառնալու է նաեւ Ջերմուկի՝ որպես տուրիստական քաղաք լինել-չլինելուն:

Այս առնչությամբ, «Լիդիան ինթերնեյշընլ»-ի ղեկավարն ասաց, որ Հայաստանի արդյունաբերությունը ունի հնից եկող բացասական փորձ եւ այդ խնդիրը բերել է մի այնպիսի իրավիճակի, որ հասարակության մեջ ձեւավորվել է մի համոզմունք, որ «հանքարդյունաբերությունն, անպայման, շատ վատ բան է բնության համար»:

Հովարդ Սթիվենսի խոսքերով՝ իրենք փորձում են ցույց տալ, որ հանքարդյունաբերությունն այլ կերպ կարելի է իրականացնել եւ պարտադիր չէ, որ այն վատ ազդեցություն ունենա շրջակա միջավայրի վրա:

Թեղուտի հանքը շահագործող «Վալլեքս մայնինգ» ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Ռոբերտ Դիքին վստահեցրեց, որ ամեն մի հատված ծառի դիմաց տասը ծառ են տնկում. «Այո, մենք հանում ենք այդ արժեքավոր նյութերը, բայց աշխատում ենք մեր աշխատանքներն այնպես կազմակերպել, որ բնության վտանգը լինի նվազագույն»:

Ինչպես նշեց տնօրենը, «Վալլեքս մայնինգ»-ը համաժողովին մասնակցում է նորագույն լուծումներին ծանոթանալու եւ դրանք Հայաստանում գործածելու նպատակով: Ըստ նրա, իրենց ընկերությունը դժվարություններ ունի այդ ժամանակակից սարքավորումները Հայաստան հասցնելու հարցում եւ ակնկալում է աջակցություն` դրանք ժամանակին հասցնելու գործում:

Մանրամասները` տեսանյութում

Բիզնես-համաժողովին ներկա Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Մարկ Դեւիսը ամերիկյան գործարարներին ներկայացրեց, թե ինչու է պետք Հայաստանում բիզնես սկսել: Ըստ պարոն Դեւիսի, Հայաստանում հանքարդյունաբերությունը հեռանկարներ ունի, Հայաստանը լավ վայր է բիզնեսի համար, Դուինգ բիզնեսով էլ մեր երկիրը 35-րդ տեղում է, ինչը լավ ցուցանիշ է: Մարկ Դեւիսը, սակայն, ասաց, որ ներդրումներն ավելի շատ ուղղորդվում են Վրաստան, քան` Հայաստան, քանի որ Հայաստանն այնքան էլ հայտնի չէ աշխարհին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930