Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրություն. 61 ընտանիքներից 29-ի հարազատներն են պաշտոնապես տեղեկացել զինծառայողի մահվան մասին

Նոյեմբեր 16,2016 16:18

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016 թվականի ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակը թեմայով ուսումնասիրություն է կատարել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը նոյեմբերի 16-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մայիս եւ հունիս ամիսների ընթացքում իրենք կարողացել են Հայաստանի Հանրապետության 8 մարզերում եւ Երեւանում հանդիպել 61 ընտանիքների, որոնց հարազատները զոհվել են ապրիլ ամսվա ընթացքում:

«61 ընտանիքից 23-ի հարազատները իրենց հարազատի մահվան մասին տեղեկացել էին տարածքային զինկոմիսարիատի աշխատակիցներից, հիմնականում զանգերի միջոցով, երբեմն նաեւ այցելությունների: Երբ զանգել կամ այցելել են ծնողներին հայտնել են, որ դուք հերոսի հայր եք, հերոսի մայր եք: Այդ ընտանիքից, ում հանդիպել ենք, գրեթե ոչ ոքի հերոս պետք չէ, այսինքն՝ փորձել են հերոսի անվան տակ տեղեկացնել: 6 զինծառայողի զոհվելու մասին ընտանիքին հայտնել են գյուղապետարանից կամ քաղաքապետարանից զանգի կամ այցելության միջոցով: 5 հոգի հարազատի անհայտ կորչելու մասին իմացել են անհայտ կորածների ցուցակի հրապարակումից հետո: 13-ի հարազատները անձամբ մեկնել են դեպքի վայր, քանի որ չեն ունեցել որեւէ տեղեկատվություն, 13 ընտանիքներ չեն հիշել կամ աղոտ են հիշել: 61 այս ընտանիքներից միայն 29-ի հարազատներն են պաշտոնապես տեղեկացել փաստի մասին, այսինքն՝ որ իրենց հարազատը մահացել է՝ ոչ ավելին: Միայն մեկի դեպքում է, որ նաեւ ասել են պատճառը, թե ինչու է մահացել»,- ասաց նա:

Արմինե Սադիկյանը նշեց, որ 61 ընտանիքներից 2-ը հնարավորություն չեն ունեցել բացել իրենց հարազատի դագաղը. «1 դեպքում, երբ տարբեր տեղերից տարբեր տեղեկատվություն են ստանում, մայրը հակված էր մտածել, որ փակ է դագաղը, շատ հնարավոր է, որ չլինի, ինքը շատ մեծ կասկածներ ուներ, որ այնտեղ իրենց երեխան է: Մյուս դեպքում մայրն ասում է, որ ոստիկաններ են հերթապահելիս եղել, եւ երբ իրենք ցանկացել են բացել դագաղը, որպեսզի ստուգեն, տեսնեն՝ իրենց հարազատի մարմինն այնտեղ է, իրենց թույլ չեն տվել: Ոստիկանները 2-3 օր հերթապահել են դագաղի մոտ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930