Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստում հարցաքննվեց «Հիմնադիր խորհրդարանի» եւս մեկ համակիր:
Մեղադրող դատախազը, վկայակոչելով գործի վերաբերյալ դատարանում ուսումնասիրված տեսագրությունը, վկային հարց տվեց՝ այ մենք, որ տեսագրությունը դիտել ենք, տեսագրության մեջ երեւում էր, որ քաղաքացիներ կան, որոնք կախվում էին ոստիկանների թեւերից ու թույլ չէին տալիս նրանց առաջ գնալ, դուք նման բան տեսե՞լ եք: Ի պատասխան վկան ասաց՝ ոչ. «Ես տեսել եմ, որ քաղաքացիները փորձում էին կասեցնել, բայց նրանք առաջ էին շարժվում»:
Վկայի խոսքով, իր տպավորությամբ, գործով տուժող ոստիկան Գեղամ Սահակյանը հակակրանք ուներ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ու նրան առիթ էր պետք Գեւորգի նկատմամբ բռնություն գործադրել: Մեղադրող դատախազն էլ հետաքրքրվեց՝ եթե Գեղամ Խաչատրյանին առիթ էր պետք Գեւորգի նկատմամբ բռնություն գործադրել, ապա ինչու, ըստ գործի նյութերի, Հովհաննեսին ոտնակով ներքեւ գցեց, այլ ոչ թե հարձակվեց Գեւորգ Սաֆարյանի վրա:
Վկան նախ ճշգրտեց՝ ես ասացի, որ տպավորություն կա, որ Գեղամ Խաչատրյանը հակակրանք ունի ու առիթ է պետք Գեւորգին հարվածելու, թե չէ ես նման տեղեկության չեմ տիրապետում, բացի այդ էլ, հրապարակում բախման պատճառն այն էր, որ Հովհաննես Ղազարյանը փորձում էր մտնել հրապարակ, իսկ որ Գեղամ Խաչատրյանը հարվածում էր, դա առիթն էր:
Կարդացեք նաև
Վկան ասաց, որ չի տեսել, որ Գեւորգ Սաֆարյանը հարվածի Գեղամ Խաչատրյանին:
Դատախազը նաեւ հետաքրքրվեց՝ վիճաբանությունից հետո, երբ Վարուժան Ավետիսյանը կոչով հանդես եկավ ու վիճաբանությունը դադարեց, ո՞ւր գնացիք:
«Գնացի դեպի Թումանյանի արձանի մոտ»,- պատասխանեց վկան: Մեղադրողի՝ ում հետ գնացիք հարցին էլ պատասխանեց՝ մեր մյուս համակիրների հետ, որոնք այդ իրադարձություններին մասնակից էին:
«Ճանապարհին իրադարձություններ եղա՞ն»,- դատախազի այս հարցին վկան պատասխանեց՝ ոստիկաններ կային այնտեղ, որեւէ խոսակցություն նրանց հետ չենք ունեցել:
Գեղամ Խաչատրյանն ինչ էր անում մյուս հարցին, վկան պատասխանեց՝ հրեշտակների հետ գնացին դեպի Սպենդիարյանի արձանի մոտ:
Նա պատմեց, որ այդ օրը տեսել է՝ ինչպես են բերման ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» համակիրներ Գագիկ Եղիազարյանն ու եւս հինգ հոգի:
Դատարանը հետաքրքրվեց՝ նախաքննական ցուցմունք տալու ժամանակ ճնշումներ եղե՞լ են վկայի նկատմամբ, ի պատասխան վկան ասաց. «Քննիչը փորձում էր իր մեկնաբանությունները դնել ցուցմունքում, ես անընդհատ ստիպված էի լինում բացատրել՝ հարգելի քննիչ, նման բան չեմ ասել»:
Քննիչի որեւէ մեկնաբանություն գրվե՞ց ցուցմունքում՝ դատարանի այս հարցին, վկան պատասխանեց՝ գրվել է ամբողջությամբ իր խոսքերը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկվել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ