Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե բանակում 300 զոհ ունեցանք՝ 1000 դրամը ո՞ր մեկին ենք տալու. Բագրատյանի լուծումը

Նոյեմբեր 16,2016 15:40

«Զոհված զինվորների հարցը պետք է լուծենք նաեւ կենդանի զինվորների հետ միասին: Մենք արդեն ավելի շատ հարգում ենք զոհվածներին, չենք մտածում կենդանիների մասին: Նույնիսկ երբ մեդալ ենք տալիս, խուսափում ենք տալ կենդանի մարդկանց: Այո, մարդը արյուն է տվել, պետք է մտածել ինչպես փոխհատուցել»,- այսօր ԱԺ-ում, խոսելով զինվորների համար 1000 դրամ պարտադիր վճարի մասին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա առաջարկեց զինվորին համարժեք աշխատավարձ տալ, իսկ զինվորին նվազագույն աշխատավարձ տալու համար տարեկան անհրաժեշտ է լրացուցիչ 30 մլրդ դրամ: Դա անելուց հետո պետք է լուծել նաեւ այն զինվորների հարցը, որոնք արյուն են տվել, կամ առողջություն են կորցրել:

Ըստ պարոն Բագրատյանի, բյուջեում փող չկա չեն ասում, պետք է կամ վերաբաշխել միջոցները, կամ գտնել այդ 30 մլրդ-ը. «ՀՀ-ն պղինձն ու մոլիբդենը արտահանում է օֆշորներ, օֆշորներից ծախում է իրական գնով: Պղինձն արտահանվում է օֆշոր, ասենք, 2000 դոլար, վաճառվում է 4-4.5, կամ 5000 դոլար, նայած համաշխարհային գինն ինչ է: Բոլորը դա գիտեն եւ բոլորը գիտեն փողի տեղը: Կամ ասում ենք՝ բարձրացնեիք գույքահարկը՝ 1.5-2 տոկոսի»:

Նա ասաց, որ 1000 քմ-ից ավելի շքեղ առանձնատների համար գույքահարկը կարելի էր բարձրացնել մինչեւ 3 տոկոս. «Սա էլ մի 20 մլրդ է: Այստեղ մենք 3-4 մլրդ-ի կռիվ ենք անում, ԿԲ-ի բյուջեն 33 մլրդ է, 15 մլրդ-ի շինարարություն է անում: Ո՞վ է տեսել, որ ԿԲ-ն շինարարություն անի»:

Նա վկայակոչեց նոր Սահմանադրությունը, որով ԿԲ-ն նման գործառույթ չունի, բայց անում է. «Ինչո՞ւ պետք է ԿԲ-ն 31 մեքենա ունենա, ԱԺ-ն ինչո՞ւ պետք է 53 մեքենա ունենա, պետք է 5-6 մեքենա ունենա, ինչո՞ւ պետք է հանձնաժողովի նախագահները, լրատվության վարչության պետը, իրավաբանական վարչության պետը մեքենա ունենան»:

Նա խոսեց նաեւ հաստիքների մասին եւ առաջարկեց, որ կրճատեն, ուռճացված է. «Եթե հանկարծ պատերազմ է եւ լինում են զոհեր, ո՞րն է լուծումը: Պետք է լինի, որ եկամտահարկը 23 տոկոս է՝± 2-3 տոկոս: Կառավարությունը բյուջեն հաստատելիս նկատի ունենալով, թե ինչքան զոհ է տվել, կարող էր նախատեսել այդ նպատակների համար: Սա է պատերազմող երկրի համար լուծումը: Ձեր լուծումը՝ 1000 դրամ, ինձ համար անհասկանալի է: Դա 4-5 մլրդ է, եթե ունենք 150-170 վիրավոր ու զոհված, սա լուծում է, իսկ եթե ունենք 300, եթե կրկնվի 92 թիվը՝ 2000 եւ ավելի՝ սա արդեն 4-5 անգամ պակաս է: Այսպիսի լուծո՞ւմ են տալիս: Էս անգամ մի հատ էլ պետք է օրենք ընդունեք ու 1000 դրամը դարձնենք 2000 դրա՞մ»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ ինքը չի կարող ընդունել, երբ ապօրինությունը բերում, դարձնում են օրենք. «Կուտակայինը տեսանք ինչ եղավ, լացում ենք հիմա, հանրապետությունը մտցրեցիք կուտակայինի բեռի տակ ու ոչ ոք չպատժվեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930