Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ես էլ եմ տուն սարքում»

Նոյեմբեր 16,2016 15:33

«Վիգեն Սարգսյանը երեկվա դրությամբ դեռ դիմում չէր ներկայացրել, սակայն մոտ օրերս կգրի: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր երկրի առանցքային դեմքերից մեկը որոշում է կայացրել անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, երեկ երեկոյան, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վիգեն Սարգսյանն ինքն է ասել, որ պատրաստվում է կուսակցությանն անդամակցելու խնդրանքով դիմել ՀՀԿ-ին:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, սահմանադրական բարեփոխումներից հետո քաղաքականության մեջ բարձրանալու է կուսակցական գործիչների դերակատարումը. «Այս առումով շատ կարեւոր է, որ մեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կուսակցությանն անդամակցելու որոշում է կայացրել: Նա պարկեշտ, ազնիվ, հայրենասեր ու պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է»:

Անդրադառնալով «1000 դրամների» նախագծին, այս օրերին խորհրդարանի ամբիոնից պաշտոնյաների չարաշահումների մասին հնչած հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ չարաշահումներ անողները պետք է պատժվեն, բայց միայն այն դեպքում, երբ ներկայացվեն փաստեր:

ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա այն հայտարարությունը, թե ճանաչում է չարաշահում անողների, բայց քանի՞ գլխանի է, որ անուններ տա, Էդուարդ Շարմազանովն այսպես է ընկալել. «Առհասարակ, որեւէ բան անպատիժ չի մնա, նույնիսկ, եթե չի հայտնաբերվում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որեւէ բան անպատիժ չի մնա: Սարոյանի ասածը շատ ավելի խորն է»:

Զարուհի Փոստանջյանի պնդումների առնչությամբ, թե ինքը փաստեր ունի չարաշահումներ կատարած պաշտոնյաների մասին, ԱԺ փոխխոսնակը հայտարարեց. «Եթե վախում եք ու չեք ցանկանում դատախազին ուղարկեք, փակ ծրարով ԱԺ-ի նախագահին փոխանցեք»:

Անդրադառնալով պաշտոնյաների շքեղ տներ ունենալու փաստին էլ՝ ասաց. «Ես էլ եմ տուն սարքում, 2008 թվականից սկսած, իմ ընտանիքի հետ միասին, իմ միջոցներից, իմ ընկերների եւ իմ բարեկամների հետ ու դեռ մի 5 տարի էլ կսարքեմ, բայց թող մեկը կանգնի ասի՝ Շարմազանովը մի լումայի, մի դրամի կամ մի տենդերի մեջ է եղել։ Բոլորի հետ պատրաստ եմ գնալ դատարան»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930