«Ազատություն» ռադիոկայան. Հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության և զենքի շորթման համար։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեց մեղադրյալի փաստաբան Արմինե Ֆանյանը:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու ժամանակ հրազենային վերքեր ստացած Գագիկ Մկրտչյանը մահացել է հիվանդանոցում:
Արմեն Բիլյանը մինչ այժմ մեղադրվում էր պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, ինչպես նաև զենք, ռազմամթերք հափշտակելու կամ շորթելու մեջ։
Այս պահին դատարանը քննում է Բիլյանի և «Սասնա ծռեր»-ի մեկ այլ անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցը: