Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, այդ ձեռքը պետք է կտրվի»

Նոյեմբեր 16,2016 15:19

«Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ, ՀՀԿ խմբակցության ղեկավար եւ իմ ներկայությամբ նման քննարկում չի եղել։ Թե որտե՞ղ են այդ քննարկումները եղել՝ ես չգիտեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել`հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դառնալու մասին:

Վահրամ Բաղդասարյանը միաժամանակ պնդում է, որ Սեյրան Օհանյանը շարունակում է մնալ իրենց թիմի անդամ։

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա ելույթը  խորհրդարանի ամբիոնից`1000 դրամների նախագծի մասին, համացանցում քննարկման առիթ դարձավ: Սեյրան Սարոյանն իր ելույթում, ըստ էության, չհերքեց, որ բանակում կոռուպցիա կա եւ որոշ մարդիկ էլ գողանալով հարստացել են. լրագրողները Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին`պատկան մարմինները պե՞տք է քննարկման առարկա դարձնեն այդ երեւույթները:

«Ներսի խոհանոցին ես այդքան ծանոթ չեմ, բայց համապատասխան մարմիններն այդ երեւույթները պետք է բացահայտեն, որպեսզի հանրության համար ամեն բան պարզ լինի: Եթե կան չարաշահումներ, ապա դրանք պետք է մատուցվեն հանրությանը: Չարաշահումներ կատարողները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ եւ այն բոլոր վնասները, որոնք որ թույլ են տվել, պետք է հատուցեն: Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, այդ ձեռքը պետք է կտրվի»:

Վահրամ Բաղդասարյանը հավելեց նաեւ, որ ամբիոնից այլ պատգամավորների հայտարարություններ էլ հնչեցին, նախարարն էլ արդեն իսկ ասում է, որ ուսումնասիրում են, եւ եթե կլինեն փաստեր, ապա պետք է հարուցվեն գործեր, քննություն գնա, հատուցվեն բոլոր վնասները:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը միաժամանակ նկատում է, որ նախընտրական շրջան է ու «այս հարցը պետք է աղավաղեին`իրենց դեմքը ցույց տալու համար»:

Ինքը`Վահրամ Բաղդասարյանը, 1000 դրամների նախագիծը համարում է «ազգի միասնության եւ համախմբման նախաձեռնություն» եւ համոզված է, որ մի քանի տարի անց բոլորը կողջունեն այս քայլը: «Որեւէ մեկին չեմ քննադատել, կամ դեմ չեմ, որ մարդիկ ունենան լավ տներ, դղյակներ կամ հարստություն, բայց թե ի՞նչ ճանապարհով են ստեղծվել այդ դղյակներն ու հարստությունները… այդ հարցերին պետք է պարզաբանումներ տրվի»: Վահրամ Բաղդասարյանն այս պարագայում ապավինում է Աստծո դատաստանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. «Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, այդ ձեռքը պետք է կտրվի»:(Վ.Բ):
    ԵՍ ՀԱՍԿԱՑԱ ԷՍՊԵՍ՝
    եԹԵ որեւէ մեկը համարձակվի բյուջե փող մտցնել,ապա նրա ձեռքը պիտի կտրվի:Իսկ ով փողը մտցրեց սեփական գրպանը՝ պիտի խրախուսվի:
    Թե սխալ եմ հասկացել՝ ասեք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930